Սինգապուրում Հայաստանի պատվավոր հյուպատոսություն է բացվել

Մայիսի 16-ին Սինգապուրում կայացավ Հայաստանի պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանը և Սինգապուրի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի տնօրինության գլխավոր տնօրեն Հոն Մուն Լոուն։ Այս մասին տեղեկացնում են Ինդոնեզիայում ՀՀ դեսպանությունից:


 

Պաշտոնական արարողությունից հետո Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու բակում կազմակերպվել էր ընդունելություն։ Ողջույնի խոսքերով հանդես եկան դեսպան Սերոբ Բեջանյանը, գլխավոր տնօրեն Հոն Մուն Լոուն և ՀՀ պատվավոր հյուպատոս Թիմ Ջին Չենգը։


 

Իր ելույթում դեսպան Բեջանյանը կարևորել է պատվավոր հյուպատոսության հիմնադրումը՝ ընդգծելով, որ այն նոր խթան կհաղորդի հայ-սինգապուրյան հարաբերությունների զարգացմանը տարբեր ոլորտներում։ Հոն Մուն Լոուն իր խոսքում անդրադարձել է սինգապուրահայ համայնքի պատմական ներկայությանը և նրանց նշանակալի ներդրմանը Սինգապուրի պատմության մեջ։

Պատվավոր հյուպատոս Թիմ Ջին Չենգը, շնորհակալություն հայտնելով իրեն վստահված պատվին, ներկայացրել է առաջիկա ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք միտված են Հայաստանի և Սինգապուրի միջև տնտեսական և գործարար կապերի խորացմանը։


 
Ընդունելությանը մասնակցել են Սինգապուրում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, դեսպանությունների ներկայացուցիչներ, պետական կառույցների և հայ համայնքի անդամներ, ինչպես նաև գործարարներ։

 
Միջոցառման ընթացքում Հայաստանի և Սինգապուրի պետական օրհներգերը կատարել է Սինգապուրում բնակվող հայ երգչուհի Գայանե Վարդանյանը։

 
Միջոցառման ավարտին ծաղիկներ են դրվել եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարին։