Հիբրիդային հարձակումները կավելանան, բայց հասարակությունն այսօր ավելի աթափ է

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել և հայտարարել, որ «չի հավատում, որ պարտության սիմվոլը կարող է արժանապատիվ խաղաղություն բերել։ Սուբյեկտը, որը դրանով զբաղվում է, ունի այլ մոտիվացիա։ Ինքն ուզում է մի թուղթ՝ Նիկոլ Փաշինյանի մասին, և այն խաղաղության հետ առնչություն չունի»։ Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ։


Նա նշեց, որ  այդքան էլ կողմնակից չէ դեմագոգիկ հայտարարությունները մեկնաբանելուն, և կարծում է, որ քաղաքականությունը  շատ պրակտիկ գործ է, և ինչքան հեռու մնա նման էմոցիոնալ գնահատականներից, այդքան ավելի շահեկան կլինի։


«Գնահատականները միշտ կարող են հակառակ կողմից բերել նույնանման գնահատականներ։ Դրանից որևէ բան չի կարող շահել։ Ավելին, կարծել, որ այսօրվա աշխարհում սիմվոլները կարող են գեոպոլիտիկ իրադարձությունների մեջ կարևոր դեր խաղալ, ոչ թե միամտություն է, որովհետև ես այդքան էլ չեմ հավատում Ռոբերտ Քոչարյանի միամիտ լինելուն։ Պարզապես հասարակությունը պետք է վաղուց հրաժարվեր նման գնահատականներ լսելուց, ավելի պրակտիկ պահանջներ պիտի դներ, ավելի գործնական առաջարկներ լսեր և պահանջեր։ Իրականում ժամանակը, երբ մրցույթ է գնում, թե ով ավելի գեղեցիկ բառերով կամ վիրավորանքներով կկարողանա շահել ընտրողների սիրտը, կարծում եմ՝ անցել է, մենք դրա վատ օրինակներն ունեինք, տեսել ենք, և դրա կարիքը կարծում եմ՝ այլևս չկա»,- ասաց Ռուբեն Բաբայանը։ 


Ռուբեն Բաբայանը մասնակցում է «Կրթվելը նորաձև է» շարժմանը և հարցին, թե արդյոք դա որևէ ազդեցություն կունենա՞ կրթական մակարդակի բարձրացման վրա, ասաց, որ երկրի կառավարման համակարգի ամենամեծ թերությունը կրթված մասնագետների պակասն է, որոնք տիրապետում են այն ոլորտին, որը ղեկավարում են կամ որտեղ աշխատում են։


«Սա իսկապես մեծ պրոբլեմ է, և այս պրոբլեմը «ուռա հայրենասիրական կոչերով» չի լուծվի, ասենք թե կգա մի նախարար, որին կսիրի այս ժողովուրդը։ Է, հասկացանք, բա ամբողջ համակարգը ո՞նց է աշխատելու՝ սիրո՞վ, և մեր բոլոր պրոբլեմների արմատները սիրո կամ ատելության մե՞ջ են։ Կարծում եմ՝ ոչ։ Մենք պետք է նաև համապատասխան վերաբերմունք ունենանք մասնագետների հանդեպ, պրոֆեսիոնալների հանդեպ։ Մեզ համար միակ չափանիշը՝ ուզած պաշտոնյայի կամ ուզած աշխատողի, որը զբաղվում է որևէ գործով, պետք է լինի հետևյալը՝  նա գրագե՞տ է կատարում իր աշխատանքը, թե՞ գրագետ չի կատարում»,- նշեց Ռուբեն Բաբայանը։


Խոսելով Հայաստանում հիբրիդայային պատերազմի վտանգները կասեցնելու մասին՝ նա նշեց, որ կա երկու ճանապարհ, և այդ երկու ճանապարհով էլ պետք է միաժամանակ գնալ. առաջինը՝ պետությունը պետք է մեխանիզմներ ձեռնարկի դրան հակազդելու համար, և երկրորդը՝ յուրաքանչյուրս պետք է կարողանանք մեր իմունիտետը զարգացնել։


Հարցին, թե արդյոք մենք հաղթահարե՞լ ենք մանիպուլյացիներին տրվելու ու վախերից սխալներ գործելու ռուբիկոնը, Ռուբեն Բաբայանն ասաց. «Ես չեմ ասում, որ ամբողջական հաղթահարել ենք, բայց մենք այդ ճանապարհին ենք, և մեր հասարակությունը շատ ավելի սթափ է մտածում, հասկանում է, որ վախը, որը մեր մեջ կա, ևս թշնամու զենքն է, որը փորձելու է մշտապես օգտագործել։ Վախը բնական զգացում է, բայց կարևորն այն է, որ դու կարողանաս այդ վախը հաղթահարել։ Մենք կարող ենք վախենալ հազար ու մի բանից, ոչ ոք խիզախ չի ծնվում և ամեն ինչին դիմադրում, հաղթում է նա, ով կարողանում է ճնշել իր միջի վախը, իսկ վախը կարելի է ճնշել միայն մեկ պարագայում՝ երբ դու միացնում ես ուղեղդ։ Անջատված ուղեղով դու վախը չես կարող հաղթահարել»,- հավելեց Ռուբեն Բաբայանը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան