Երևանում կկայանա «Rise» ռազմարդյունաբերական ցուցահանդեսը. կներկայացվեն նախկինում երբևէ չցուցադրված նմուշներ

Հունիսի 3-ին և 4-ին Երևանում կանցկացվի հայկական ռազմարդյունաբերությանն ու նորարարական տեխնոլոգիաներին նվիրված մեծ ցուցահանդես։


Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։


«Հունիսի 3-ին և 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելու է «Rise» խորագրով ցուցահանդեսը: Այս միջոցառման ընթացքում ներկայացվելու են տասնյակ հայկական առաջատար ռազմարդյունաբերական ընկերությունների, գիտահետազոտական կենտրոնների և ինժեներական թիմերի տեխնոլոգիական արտադրանքները, լուծումները և գիտական նվաճումները»,- սոցցանցի իր էջում հրապարակած տեսանյություն ասել է նախարարը։


Ցուցահանդեսի այցելուները բացառիկ հնարավորություն կունենան տեսնելու ոչ միայն այն զինատեսակներն ու տեխնոլոգիաները, որոնք արդեն իսկ կիրառվում են զինված ուժերում, այլև գաղտնազերծված նոր նախագծեր։


«Այս միջոցառման շրջանակում մենք նախատեսում ենք ներկայացնել ոչ միայն Հայաստանի Հանրապետության բանակին մատակարարված հայրենական արտադրանքները, այլև դեռևս մշակումների և փորձարկումների փուլերում գտնվող տարատեսակ նմուշներ, որոնք նախկինում երբևէ չեն ցուցադրվել»,- նշել է Հայրապետյանը։