Հայաստանում էր և, կարծես, դեռ շարունակում է Հայաստանում լինել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցավ մամուլի ասուլիս։ Լավրովը նշեց, որ ՌԴ-ն պատրաստակամ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ լիակատար խաղաղության հասնելու համար՝ կնքելով խաղաղության պայմանագիր, ապաշրջափակելով տնտեսական ենթակառուցվածքները և սահմանագծելով ու սահմանազատելով պետական սահմանները։ Այդ գործընթացների կուռ հիմք Լավրովը համարեց եռակողմ փաստաթղթերը՝ ստորագրված 2020-2022 թվականներին։
Ցավոք, Լավրովը անգամ իրեն չուղղված
հարցերին սկսեց պատասխանել շատ երկար և ոչ ըստ էության, և ռուս ու հայ լրագրողները
միայն երկուական հարց կարողացան հնչեցնել։ Հակառակ դեպքում հետաքրքիր կլիներ նախարարից
հետաքրքրվել՝ եթե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը գործում է, և Սերգեյ Լավրովը
համարում է, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա այդ փաստաղթղի 9-րդ կետի և դրան
հաջորդած այլ փաստաթղթերի ոգով, ապա որտե՞ղ են նույն այդ փաստաթղթի մնացած 8 կետերը։
Մասնավորապես՝ առաջին 2 կետերը
վերաբերում են հայկական կողմին, որոնք վերջինս իրականացրել է ամբողջությամբ։ 3-րդ կետով
նախատեսված է, որ ԼՂ-ում պետք է տեղակայվի խաղաղապահ զորակազմ։ Որտե՞ղ է այդ զորակազմը։
Որտե՞ղ է Ղարաբաղի հայ բնակչությունը, որոնց պետք է պաշտպաներ այդ զորակազմը։
6-րդ կետով նախատեսված է, որ
ստեղծվում է 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցք, որը մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի
վերահսկողության ներքո: Որտե՞ղ է Լաչինի միջանցքը։
8-րդ կետով սահմանված
է, որ վերադարձվում են բոլոր գերիները, պահվող
անձինք և պատանդները։ Ադրբեջանական կողմը ռուսների քթի տակից նոր մարդկանց է գերեվարել
ու պատանդառել։ Այնտեղ խոսք կա նաև շփման գծի մասին։ Որտե՞ղ է ղարաբաղա-ադրբեջանական
շփման գիծը։
Եվ միայն 9-րդ կետն
է ապաշրջափակման մասին։ Նախորդ 8 կետերը, որոնք վերաբերել են Հայաստանին, ամբողջությամբ
կատարվել են։ Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն կատարել վերը նշված կետերը։ Ե՞րբ է ռուսական
կողմը պատրաստվում կատարել այդ փաստաթղթով իր ստանձնած պարտավորությունները։ Եթե չի
պատրաստվում, ապա ինչպե՞ս է նշում, որ հայկական կողմը պետք է կատարի 9-րդ կետը՝ այն
էլ այնպես, ինչպես ռուսական կողմն է այն մեկնաբանում։
Լավրովը հայ լրագրողի
հարցին, թե ինչո՞ւ 2022-ին, երբ ադրբեջանական կողմը հարձակվեց Հայաստանի սուվերեն տարածքների
վրա, ռուսական կողմը պատշաճ չարձագանքեց ու չկատարեց իր ստանձնած պարտավորությունները՝ հակադարձեց, թե ՀԱՊԿ-ը անմիջապես է պատասխանել և
պատշաճ։ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, հիշեցնենք, այդ օրերին հայտարարել էր, թե
չգիտի կոնկրետ որտեղով է անցնում հայ-ադրբեջանական սահմանը, քանի որ այն սահմանազատված
չէ։ Ահա այս պատասխանը Լավրովը համարում է անմիջապես և պատշաճ։ Եվ գնդակը նետում է
Հայաստանի դաշտ՝ նշելով, թե հոկտեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին հայկական
կողմը հրաժարվել է ստորագրել աջակցության մասին փաստաթուղթը։ Եվ սա այն ֆոնին, որ թե՛
հավաքական Արևմուտքը, թե՛ Իրանը և շահագրգռված երկրների մեծամասնությունը, որոնք նորմալ
կամ լավ հարաբերություններ ունեն Հայաստանի հետ, հստակ գնահատական են տվել իրավիճակին
ու կոչ արել Ադրբեջանին դադարեցնել հարձակումն ու վերադառնալ ելման դիրքեր։
Լավրովը նաև հերթական
անգամ հիշեց 2022 թվականի Պրահան, երբ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեցին երկկողմ
ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։ «Դա բավականին անսպասելի էր», -ասաց
Լավրովը։ Ահա, Հայաստանը ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, և ի՞նչ կարող էր անել
խեղճ Ռուսաստանը։ Մի կողմ թողնենք այն, որ դրանից շատ ավելի առաջ՝ դեռ 2020 թվականի
պատերազմից անմիջապես հետո ՌԴ նախագահ Պուտինը բառացի հայտարարել էր, որ Ռուսաստանի
և ողջ աշխարհի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը համարվում և համարվել է Ադրբեջանի տարածք։
Ավելին՝ հայկական կողմը երբեք դա չի ժխտել։ Մի կողմ թողնենք նաև այն, որ Հայաստանը
ստիպված է եղել գնալ Պրահա, երբ Ռուսաստանը չի միջամտել կամ իր դաշնակցի կողմից չի
միջամտել ղարաբաղյան երկրորդ պատերազմին։ Մի կողմ թողնենք այն, որ Ռուսաստանը Ղարաբաղում
չէր կատարում իր ստանձնած պարտավորություններն ու Խծաբերդ առ Խծաբերդ, Քարագլուխ առ
Քարագլուխ, Փարուխ առ Փարուխ հանձնում էր Ղարաբաղը։ Մի կողմ թողնենք այն, որ Հայաստանի
սուվերեն տարածքների վրա 2021 թվականի մայիսի ու 2022 թվականի սեպտեմբերի հարձակումներին
պատշաճ չի արձագանքել ու չի կատարել իր պարտավորությունները։ Հայաստանը երբեք՝ սկսած
1991 թվականից, կասկածի տակ չի դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հետևաբար
2022-ին Պրահայում դրա վերահաստատումը ոչ մի կերպ չէր կարող խանգարել Ռուսաստանին կատարել
իր ստանձնած պարտավորությունները։ Լեռնային Ղարաբաղի հարցը միշտ եղել է իրավունքի հարց
և ոչ երբեք տարածքային։ Հայաստանը երբեք չի ասել, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային
ամբողջականության մաս չէ։ Հայաստանն ասել է, որ Արցախն ու Արցախի ժողովուրդն ունեն
ինքնորոշման իրավունք։ Հետևաբար Ռուսաստանի այս «կռուտիտները» չափազանց անլուրջ են։
Եվ հարցը հիմա հետին թվով Ռուսաստանի հետ կռիվը կամ լեզվակռիվը չէ, իրար հետ հարցեր
պարզելը չէ, թե ով հանձնեց Ղարաբաղը, կամ ով կարող էր պահել այն։ Հարցն այն է, թե եթե
Ռուսաստանը եկել և ասում է, որ հետաքրքրություններ ունի մեր տարածաշրջանում, ու Հայաստանն
էլ Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է,
այդ գործընկերությունը ապագայում ինչպե՞ս է դրսևորվելու։ Այնպես, ինչպես
2020, 2021, 2022 ու 2023 թվականների՞ն։ Հերթական անգամ Հայաստանի շահերը անտեսվելու
են, ու ռուսները գալու են նոր «կռուտիտներո՞վ»։ Իհարկե, մեծ հաշվով, այս հարցը հռետորական
է։ Քանի որ Ռուսաստանի ընդհանուր շահը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ակնհայտ է։ Բացի
դրանից՝ երբեք հնարավոր չէ ապահովագրվել 2020-2023 թվականների կրկնությունից։ Հետևաբար
Ռուսաստանը չպետք է նեղվի կամ նեղանա, որ Հայաստանը դիվերսիֆիկացնում է իր հարաբերությունները,
այդ թվում՝ անվտանգային, ու այդ թվում՝ ռազմավարական գործընկերային։ Ընդ որում՝ Հայաստանը
դա պետք է անի բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Արևմտյան, ինչքան էլ որ Սերգեյ Լավրովը
նեղվի ու ուշադրություն հրավիրի հանգամանքին, որ Ֆրանսիան իրենց թշնամին է, ատում է
Ռուսաստանին, հիմնական դերակատարն է ընդդեղմ Ռուսաստանի տարվող պայքարի, ու Հայաստանը
պետք է դա նկատի ունենա Ֆրանսիայից զենք գնելիս։ Հարց է առաջանում՝ իսկ Ռուսաստանը
հաշվի առա՞վ, որ Ադրբեջանը ատում է Հայաստանին,
Հայաստանի թշնամին է, երբ միլիարդների զենք էր վաճառում Ադրբեջանին։ Հայաստանը էկզիստենցիալ
վտանգներ ունի, որոնք պետք է չեզոքացնի, այդ թվում և առաջին հերթին՝ Արևմուտքի հետ
որակյալ հարաբերություններ կառուցելով, արևմտյան սպառազինություն ձեռք բերելով ու արևմտյան
մոդելի զինված ուժեր կառուցելով։ Եվ այս ամենը ոչ թե ի հեճուկս Ռուսաստանի, այլ՝ հանուն
Հայաստանի։
Վախենալով Ռուսաստանի
կողմից ակնհայտորեն հնչող ուկրաինացման սպառնալիքներից՝ Հայաստանը կարող է կրկին կանգնել
2020 թվականի աղետի առջև՝ այս անգամ նույնիսկ քաղաքական աջակցություն չստանալով քաղաքակիրթ
աշխարհից։ Ուկրաինացումից վախենալով՝ Հայաստանը կարող է կորցնել պետականությունը՝ մնալով
ռուս-թուրքական աքցանի մեջ։ Միայն բալանսավորված, որևէ մեկ բևեռից կախում չունեցող
Հայաստանը կարող է ադեկվատ հարաբերություններ
կառուցել թե՛ հարևանների, թե՛ գերտերությունների հետ՝ այդպիսով չեզոքացնելով թե՛ ուկրաինացման
վտանգը, թե՛ վերացնել հարևանների հետ հավերժ թշնամանքը, թե՛ ռազմավարական գործընկերոջ
հետ ունենալ հավասարը հավասարի, փոխադարձ շահերի վրա հիմնված հարաբերություններ ու
հարատևել։
Սերգեյ Լավրովին
մաղթում ենք բարի ճանապարհ։
Վովա Հակոբյան