Դաշնակցության սիրտը պոռթկում է ուզում։ Այն էլ՝ բռնություններով ուղեկցվող ու մահվան ելքով։ Ինչպիսիք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք տեղի ունեցած «Հոկտեմբերի 27»-ն էր, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո ԱԺ-ի, Կառավարության շենքերի, կառավարության առանձնատան վրա գրոհը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ մահափորձը և այն զանգվածային անկարգություններն ու փսիխոզը, որը, նկատենք, կառավարվում և խրախուսվում էր երկրում իշխանությունը զավթել փափագող ընդդիմադիր հայտնի շրջանակների կողմից։ Դաշնակցության սրտի ուզածը նախօրեին կայքերից մեկի տաղավարում խոստովանել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ, Գերագույն մարմնի նախկին անդամ, այժմ էլ «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանը։
Փաստորեն, եթե նախկին վարչապետ, ԱԺՄ նախագահ, նոյեմբերի
9-ի հայտարարության ստորագրումից հետո «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու
Վազգեն Մանուկյանի համար Հոկտեմբերի 27-ը «մի խումբ ռոմանտիկների ձեռքի» գործն էր,
ապա Հրանտ Մարգարյանի համար ԱԺ-ի և կառավարության գլխատումը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի
դեմ մահափորձը «պոռթկում» է կամ «պոռթկման ալիք», իսկ դրանց կրկնությունը՝ «սրբության
սրբոց»։ Ահա թե ինչպիսի սրբությունների դավանորդ
կուսակցություն է ՀՅԴ-ն, որին անդամագրվելիս, նկատենք, նորագիրները երդվում են ձեռքը
զենքի վրա դնելով ու խոստանալով, անհրաժեշտության դեպքում, նույնիսկ կյանքի գնով ծառայել Հայաստանի և հայության
ազատագրության դատին:
Նկատենք,
որ ՀՅԴ ԳՄ նախկին անդամ Հրանտ Մարգարյանն այն անձն է, որին Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն
իրականացրած Նաիրի Հունանյանը զանգահարել էր
ԱԺ դահլիճից։ Ինչպես իր ցուցմունքում
պատմել է Մարգարյանը՝ ոճրագործն ասել է. «Հրանտ, ես եմ՝ Նաիրին, գրավել ենք
Ազգային ժողովը, սպանեցի շանը, և այս պահը պատմական է»։ Նաև առաջարկել՝ «տղաներին վերցրու, եկեք այստեղ»։
Երկրում ամեն գնով իշխանությունը վերցնելու իր սևեռուն մտադրության
մասին ՀՅԴ-ն հայտարարում է ոչ առաջին անգամ, ավելին՝ քանիցս այդ ուղղությամբ գործի
է դրել ակտիվ ջանքեր, արել ձեռքից եկածը։ Հայրենիքի փրկության շարժում,
Դիմադրության շարժում, Սրբազան շարժում... այդ բոլոր փողոցային միջոցառումների ժամանակ ՀՅԴ-ն գլխավոր գործող սուբյեկտն էր, այլ հարց է, որ
ժողովուրդը, ինչպես հարկն է, չպոռթկաց՝ ի կատար ածելով ՀՅԴ-ի սրտի ուզածը՝
Հոկտեմբերի 27-ի ելքով։
Հիշեցնենք, որ հանրությանը «պոռթկման դրդելու» ակտիվ
ջատագովությամբ զբաղվում են նաև ոչ միայն գործող, այլև նախկին դաշնակցականներ, թեև,
ինչպես ասում են՝ դաշնակի նախկինը չի լինում։ 2018-ի հեղափոխությունից հետո ՀՅԴ-ից
հեռացված, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը դեռ 2023 թվականին էր «100 մինչև վերջ կանգնելու
ու կյանքը զոհելու պատրաստ տղամարդ, այն է՝ մահապարտ հավաքագրում»՝ գործող իշխանության
հարցերը լուծելու համար:
Այս տարվա մարտին էլ նույն Աղվան Վարդանյանը, հավատարիմ իր
քնարին, մի քիչ սվաղեց մահապարտների մասին
իր խոսքը, միաժամանակ վերահաստատելով՝
ավելի վաղ արած իր աղմկահարույց առաջարկն
ուժի մեջ է։
Դաշնակցական էնտուզիազմով իշխանությանն ամեն գնով վռնդելու
մասին ամիսներ առաջ ԱԺ բարձր ամբիոնից աղաղակում էր նաև նախկին դաշնակցական Ռուբիկ
Հակոբյանը։
Թե երբ է տեղի ունենալու դաշնակցական գործչի ասած պոռթկումը
կամ պոռթկման ալիքը, և որն է լինելու
պատրվակը, առիթը՝ ասել չենք կարող, փոխարենն ուզում ենք համոզված լինել, որ իրավապահ
մարմինները կազմ-պատրաստ են տեռակտը «սրբության սրբոց» համարող քաղաքական
խմբակների գործողությունները կանխարգելելուն։ Նաև՝ ծանոթ են նախկին դաշնակցականի իմացած, բայց չհրապարակած
մահապարտների 250-հոգանոց ցուցակին։
Հ. Մանուկյան