Այս «պատերազմում» մի վտանգավոր բան կա․ Եկեղեցին պետք է խաղաղություն բերի, ոչ թե պատերազմ

Վերջին օրերին ականատես ենք լինում որոշ հոգևորականների և իշխանության միջև հեռակա «փոխհրաձգության»։ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ զրուցել ենք, թե ինչից սկսվեց այս փոխհրաձգությունը։


Նա նշեց, որ սա իրականում հին պատմություն է և ոչ միայն մեր պատմությունն է։


«Եվ դրա համար քաղաքակիրթ աշխարհում ընդունվեց հետևյալ ձևը, որն ամրագրվեց օրենքներով և Սահմանադրությամբ, որ պետությունն ու եկեղեցին իրարից անջատված են, և փաստորեն ոչ մեկն իրավունք չունի խառնվելու մյուսի գործերի մեջ։ Երբ որևէ կողմ խախտում է այդ բալանսը, պարզ է, որ միանգամից ցանկություն է հայտնվում այդ ամեն ինչը բալանսավորելու, բայց ավելի ցածր մակարդակով։ Ես նկատի ունեմ, որ երբ եկեղեցին սկսում է զբաղվել քաղաքականությամբ և կոնկրետ դիրքորոշում է սկսում արտահայտել և ոչ միայն խոսքով, այլ նաև գործողություններով, շատ սպասելի է, որ կսկսեն իրեն պատասխանել նույն մակարդակով՝ նկատի ունեմ քաղաքական։ Որովհետև հնարավոր չէ պատկերացնել, թե ինչպես կարելի է մտնել քաղաքականություն և կրել սրբի պատկեր։ Յուրաքանչյուր քայլ անելուց առաջ պետք է մտածել հետևանքների մասին»,- ասաց Ռուբեն Բաբայանը։


Նրա խոսքով՝ այն, որ այս պատմությունը ոչ մի լավ բանի չի բերելու, իր համար միանշանակ է, այն, որ պետք է վերադառնալ Սահմանադրությանը, սա էլ է իր համար միանշանակ։ Մեր զրուցակիցն ասաց, որ եթե չվերադառնանք այդտեղ, մենք զբաղվելու ենք փոխադարձ կոմպրոմատներով, որովհետև դա ընդունված է քաղաքականության մեջ։


Խոսելով նաև սրբազաններից մեկի այն հայտարարության մասին, որ «մենք այս պատերազմում հաղթելու ենք», Ռուբեն Բաբայանն ասաց, որ սա արդեն շատ մտահոգիչ է, երբ պատերազմ է հայտարարվում, չի ուզում ասել իշխանությանը, պետությանը, բայց սեփական ժողովրդի մի որոշակի զանգվածին՝ մեծ, թե փոքր, դա այդքան էլ նշանակություն չունի։


«Եկեղեցին պետք է խաղաղություն բերի, այլ ոչ թե պատերազմ։ Հիմա կասեմ մի բան, գուցե ժպտաք, բայց ուզում եմ կարծել, որ մեր հասարակությունն ավելի խոհեմ կգտնվի և չի մասնակցի այս պատերազմին։ Եթե պատերազմին չի մասնակցում ժողովուրդը, պատերազմ տեղի չի ունենում, որովհետև չկա զինվոր»,- հավելեց Ռուբեն Բաբայանը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան