ՏԿԵ նախարարը ՀՀ նախագահին է ներկայացրել Սյունիքի մարզում թունելների և կամուրջների կառուցման ուղղությամբ արձանագրված արդյունքները

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին։



Հանդիպման ընթացքում նախարարը նախագահին է ներկայացրել նախարարության կողմից իրականացվող և ընթացիկ ծրագրերը ենթակառուցվածքների զարգացման, հատկապես՝ ճանապարհաշինության և հարակից ոլորտներում։



Դավիթ Խուդաթյանը նշել է, որ ակտիվ աշխատանքներ են իրականացվում Հյուսիս-հարավ մայրուղու տարբեր հատվածներում, հատկապես Սյունիքի մարզի բնակավայրերում, այդ թվում՝ Քաջարան-Մեղրի հատվածում, ինչպես նաև Աշտարակ-Գյումրի ճանապարհահատվածում։ Դավիթ Խուդաթյանը նախագահին է ներկայացրել մասնավորապես թունելների և կամուրջների կառուցման ուղղությամբ արձանագրված արդյունքները:



Նախարարը հայտնել է նաև, որ 2024 թվականին արդեն իրականացվել է շուրջ 500 կմ ճանապարհների կառուցապատում, իսկ ընթացիկ տարում նախարարության հիմնական նպատակներից է նույն ծավալի ճանապարհների կառուցումն ու վերականգնումը։



Հանրապետության նախագահը կարևորել է ենթակառուցվածքային զարգացումը՝ նշելով, որ դրանք ոչ միայն նպաստում են տարածքային համաչափ զարգացմանը, այլև խթանում են տնտեսության աճն ու բարելավում բնակչության կյանքի որակը։