Դևիդ Բեքհեմը ասպետի կոչում կստանա

Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը կարժանանա ասպետական տիտղոսի։ Նա ընդգրկվել է Մեծ Բրիտանիայի պարգևատրվողների ցուցակում, որը կհրապարակվի հունիսի 14-ին՝ Անգլիայի թագավոր Կարլ III-ի ծննդյան օրվա առթիվ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։


Բեքհեմը 20 տարի սպասում էր այս տիտղոսին։ 2003 թվականին նրան շնորհեցին Բրիտանական կայսրության շքանշանի սպայի կոչում, որպես սպորտում և բարեգործության ոլորտում ունեցած ավանդի համար։ 


Ասպետական կոչման շնորհման արարողությունը նախատեսված է հունիսի 14-ին՝ թագավորի ծննդյան օրը։ Պատմականորեն, 1748 թվականից սկսած, բրիտանական միապետի ծննդյան պաշտոնական տոնակատարությունը անց է կացվում հունիսին, չնայած Կարլ III-ի իրական ծննդյան օրը նոյեմբերի 14-ն է։


Իր մարզական կարիերայի ընթացքում Բեքհեմը 115 հանդիպում է ունեցել Անգլիայի հավաքականի կազմում, 5 տարի եղել է թիմի ավագը և հանդես եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Մանչեսթեր Յունայթեդը, Ռեալ Մադրիդը, ՊՍԺ-ն, Լոս Անջելես Գալաքսին և Միլանը։


Բացի ֆուտբոլից, Բեքհեմը ակտիվորեն զբաղվում է հասարակական գործունեությամբ։ Նա համագործակցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Թագավորական հիմնադրամի հետ, աջակցել կրթական և բնապահպանական ծրագրերին։


Ներկայումս Բեքհեմը հետաքրքրվում է այգեգործությամբ։ Սոցցանցերում նա հաճախ կիսվում է իր բերքի և տնկված բույսերի նորություններով։ Այս տարվա գարնանը նա ուղեկցել է Կարլ III-ին և թագուհի Կամիլային Չելսիում անցկացվող ծաղկային ցուցահանդեսին։ Վերջերս էլ, այցելելով Հայգրով-Գարդենս, նա թագավորի հետ քննարկել է մեղվաբուծության հարցերը, հայտնում է The Independent-ը։