Հայաստանի դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում նոր ուսումնական տարվանից կլինեն նոր դասագրքեր։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը նշում է՝ նոր դասագրքերն արդեն տպագրության փուլում են: «Առաջիկա ուսումնական տարում հանրապետության բոլոր դպրոցներում ներդրվում է հանրակրթության նոր չափորոշիչը՝ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում»,- ասում է նա։
Փոխնախարարի խոսքով՝ լայնածավալ աշխատանքներ են իրականացվել՝ հայտարարվել է դասագրքերի ստեղծման և տպագրության մրցույթ, վերապատրաստվել են ուսուցիչները։ Նոր դասագրքերի ստեղծման մրցույթին՝ 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների գրեթե բոլոր դասագրքերից նախարարությունն առաջարկներ է ստացել՝ բացառությամբ մի քանիսի. «Դրանք հիմնականում վերաբերում են, օրինակ, օտար լեզուներին՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն առարկաների մասով դասագրքերի պակաս ունենք, և որոշ այլ առարկաների մասով էլ։ Բոլոր այն առարկաների գծով, որոնց դասագրքերն այս պահին չունենք՝ մշակվում են ուսումնական նյութեր, որոնք ուսուցչի համար ուղեցույց են լինելու, որպեսզի կարողանա նաև նախորդ գործող դասագրքերի որոշ թեմաներից, որոշ առաջադրանքներից օգտվելով, ինչպես նաև ուսումնական նյութերում զետեղված առաջադրանքներից օգտվելով կազմակերպել դասապրոցեսը»։
Փոխնախարարն ընդգծում է՝ նոր չափորոշչի թիրախը մոտեցումների փոփոխությունն է, այսինքն՝ եթե նախկինում գիտելիքահեն կրթություն էր ապահովում դպրոցը, ապա հիմա ապահովելու է կարողունակությունների վրա հիմնված կրթություն՝ ուսումնասիրվող թեմաները դիտարկվելու են տարբեր տեսակետներից. «Բնականաբար հասկանալի է, չէ՞, որ ֆիզիկայի օրենքները չեն կարող փոխվել, պատմական իրադարձությունները չեն կարող փոխվել, բայց երեխային մատուցվող նյութի ձևը, ակնկալվող մասնակցության ձևը՝ դրանք են փոխվել»։
Նոր չափորոշչի շրջանակում առանձին Հայոց եկեղեցու պատմություն առարկա չի լինի։ Հայոց եկեղեցու պատմությունը կուսումնասիրվի Հայոց պատմության դասագրքով։
«Հայոց եկեղեցու պատմությունը հնարավոր է ուսումնասիրել Հայոց պատմության շրջանակում։ Բոլոր այն դասարաններում, այս տարի խոսքը վերաբերում է 7-րդ դասարանին, որտեղ կներդրվի նոր չափորոշիչը, Հայոց եկեղեցու պատմությունը կուսումնասիրեն ինտեգրված Հայոց պատմության մեջ։ Մնացած դասարաններում, քանի դեռ չի ներդրվել չափորոշիչը, կշարունակեն ուսումնասիրել նույն կերպ»,- պարզաբանում է Արաքսյա Սվաջյանը։
«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի նոր դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանի խոսքով՝ դասագիրքը հնարավորություն է տալիս ձևավորել պատմական մտածողության հմտություններ։ Նա ընդգծում է՝ դասագրքի ամենաառանձնահատուկ կողմերից մեկն այն է, թե ուսումնասիրվող թեման ինչով է այսօր կարևոր. «Ամփոփիչ հատվածում այդպիսի հնարավորություն կա, թե այս թեման, որը մենք ուսումնասիրեցինք, ինչով է կարևոր նաև մեր օրերում, բայց կա նաև ճկուն հատված, որ ուսուցիչը կարող է հարցը շարունակել, այսինքն՝ չբավարարվել հեղինակի այդ ամփոփմամբ, թե ինչով է կարևոր դա այսօր, և ասել, թե է՞լ ինչով է կարևոր, կամ հարցնել՝ համաձա՞յն եք հեղինակի հետ, գուցե հեղինակը սխալվում է»,- ասում է Սմբատ Հովհաննիսյանը։
«Մաթեմատիկա» առարկայի 5-րդ դասարանի և «Հանրահաշիվ» առարկայի 7-րդ դասարանի նոր դասագրքերի համահեղինակ Սմբատ Գոգյանի խոսքով էլ՝ պետք է ոչ թե անգիր անել, օրինակ, որևէ բազմապատկման բանաձև, այլ իմանալ, թե մաթեմատիկայի այդ կրճատ բանաձևն ինչի համար է պետք, ու կիրառել այն։ Համահեղինակը նշում է՝ նոր դասագրքերն ունեն նաև QR կոդեր, որոնց կիրառմամբ աշակերտն ունի հնարավորություն ուսումնասիրելու թեման վիդեոդասերի տեսքով, ինչպես նաև թեստերի միջոցով ստուգելու իր գիտելիքները։
Սմբատ Գոգյանն ընդգծում է՝ դասագրքերը մատչելի են նաև ուսուցման հետ կապված դժվարություններ ունեցող երեխաների համար։
Հաջորդ տարի հանրակրթության նոր չափորոշիչը կներդրվի նաև 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ դասարաններում։
Նարա Մարտիրոսյան
Մանրամասն՝ տեսանյութում