Լևոն Տեր-Պետրոսյանը աջակցություն է հայտնել մեկին, որին տարիներ առաջ նույնացնում էր «մաֆիոզ» իշխանության հետ


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան-Ամենայն Հայոց Կաթողիկոս հեռակա բանավեճի ֆոնին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այցը վերջինիս, նրան «լիակատար աջակցություն» հայտնելը ոչ միանշանակ ընկալվեց հանրության կողմից։ «Առաջին նախագահ տիար Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ Զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը»,-մասնավորապես նշված է այցին վերաբերող՝ Մայր Աթոռի տարածած հայտարարության մեջ։


Ուշագրավ է, որ առաջին նախագահը աջակցություն է հայտնում մի սուբյեկտի, որը 2007-ի համաժողովրդական շարժման օրերին և դրանից հետո էլ, մասնավորապես «Մարտի 1»-ի արյունալի դեպքերից հետո, հենց իր ու իր թիմակիցների կողմից  նույնացվում էր օրվա իշխանության հետ։ Կաթողիկոսը ամենաշատն էր քննադատվում մարտի 1-ի դեպքերից առաջ իր հոտն անտեր ու անպաշտպան թողնելու մեջ՝ հավասարապես մեղադրվելով որպես իշխանության հանցակից։ Իշխանություն, որին առաջին նախագահը այսպես էր ախտորոշել. «Վերից վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ, որի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, ոչ թե ժողովրդի կամքով, ոչ թե քաղաքական երկխոսությամբ, այլ քրեական աշխարհի կանոններով: Այսինքն՝ լիովին մաֆիոզ, մինչև վերջին երանգը ստրուկտուրիզացված մի ռեժիմ, որը մեզ այսօր արդեն գլորել է երրորդ աշխարհի նմանատիպ ռեժիմների շարքը...»։ Այդ նույն իշխանության հետ նույնացված հոգևոր հովվապետը, նկատենք, երբ 2008 թ. մարտի 1-ին փորձել էր այցելել Լևոն Տեր-Պետրոսյանին, վերջինիս կողմից մերժման էր արժանացել։ Այս՝ չկայացած, մերժված հանդիպման մասին առաջին անգամ խոսել է հենց ինքը՝ «թիվ մեկ ամբաստանյալը», դեռ 2008-ի մարտի 5-ին։ «Վեհափառ Հայրապետն ինձ զանգահարեց, երբ իրադարձություններն արդեն վտանգավոր փուլում էին, և ասաց, որ նա շատ մտահոգված է ու Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպելու ցանկություն ունի և հարցրեց իմ կարծիքը: Ես ասացի, որ մենք կողջունենք այդ քայլը, թեև թերահավատորեն ենք վերաբերվում, որ դա կարող է բերել որևէ արդյունքի: Այնուամենայնիվ, հանդիպման գաղափարը ողջունելի է, նույնիսկ եթե կա մի քանի տոկոս հավանականություն, որ ինչ-որ բան կստացվի: Հետո պարզվեց, որ Վեհափառը գնացել է, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը չի ընդունել նրան: Ինձ համար սա ապշելու հանգամանք է, քանի որ չեմ պատկերացնում, որ աշխարհի որևէ կետում, որևէ հայ կարող է Վեհափառին դռան շեմից ետ ուղարկել: Տպավորությունն այնպիսին էր, որ նրան թվացել է, թե ինքն այդ պահին ձիու վրա է, թե իրավիճակն այնպես է զարգանում, որ իշխանությունները խուճապի մեջ են: Հավանական է, որ նա մտածել է, թե ես եմ խնդրել Վեհափառին, բայց ես չեմ խնդրել՝ դա նրա նախաձեռնությունն էր, և Վեհափառի այդ ցանկությունն ընկալել է որպես իշխանությունների խուճապի մատնվածության նշան, և այդ պարագայում, իհարկե, հանդիպումն իրեն ձեռնտու չի համարել: Թեև իրավիճակն այդպիսին չէր, քանի որ մենք լրացուցիչ ուժեր էինք բերում և կարգուկանոն հաստատելը ժամանակի հարց էր: Վեհափառի հետ չհանդիպելով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կորցրեց այս իրավիճակից, սեփական երեսը փրկելով, դուրս գալու հնարավորությունը»: Նկատենք, որ  «թիվ մեկ ամբաստանյալ»-ը առաջին նախագահ-կաթողիկոս չկայացած հանդիպման մասին վերստին խոսեց նաև  2018-ին՝  «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում։ Պատասխանելով հարցին՝ հնարավոր չէ՞ր չգնալ «արտակարգ դրություն» հայտարարելուն և լարվածությունը թոթափելու ինչ-որ լուծում գտնել, Քոչարյանը պարզաբանել էր՝ Գարեգին Բ-ն փորձել է հանդիպել և բանակցել  Տեր-Պետրոսյանի հետ, սակայն վերջինս չի ընդունել կաթողիկոսին: 

   

Հավելենք նաև, որ Մարտի 1-ի դեպքերի հետ Գարեգին Բ-ի առնչությունների մասին բացահայտումներ էր արել «Վիկիլիքսը»։ Պետդեպին ուղարկված հաղորդման մեջ ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, ներկայացնելով  կաթողիկոսի հետ 2008թ. նոյեմբերի 3-ին կայացած հանդիպման մանրամասները, նշել է, որ հանդիպումը կայացել  է  իր առաջարկով: Կողմերը քննարկել են Հայաստանի քաղաքական դրությունը, 2008թ. նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակն ու եկեղեցու կեցվածքը: Անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրավիճակին՝ կաթողիկոսը Մարի Յովանովիչին մանրամասնորեն ներկայացրել է Մարտի մեկի դեպքերի շուրջ իր մոտեցումները և հետընտրական իրադարձությունների ժամանակ եկեղեցու դերակատարությունը: Կաթողիկոսը պատմել է, թե իբր Լ. Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից մեկը իրեն խնդրել է լինել «պատմության մեջ հերոսական կաթողիկոսների շարքում և աջակցել ընդդիմությանը»: Կաթողիկոսն իր հերթին այդ խնդրանքին պատասխանել է՝ ասելով, որ թեպետ ինքը հասկանում է, որ Տեր-Պետրոսյանը կարիք ունի պահելու սեփական ձայները, բայց «այս երկիրը հեղափոխության կարիք չունի»: Կաթողիկոսի պնդմամբ՝ ինքը քանիցս փորձել է Մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ անձամբ հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանին և նրան համոզել, որ կառավարի իր աջակիցներին, բայց չի ստացվել: Գարեգին 2-րդը հավատամք է հայտնել, որ ընդդիմությունը փորձել է իրեն ներքաշել քաղաքականության մեջ, որպեսզի եկեղեցին քննադատի իշխանությունների գործողությունները:


Թե հատկապես ե՞րբ ու ո՞ր  դիպվածից հետո  «քաղցրացան»  առաջին նախագահի և Գարեգին Բ-ի հարաբերությունները,  ասել չենք կարող, բայց անվիճելի է, որ այդ «քաղցրացումը» չպետք է աշխատի ի վնաս պետության՝ նախկին ռեժիմի հետ ձեռք ձեռքի, ուս ուսի տված իշխանազավթում իրականացնելու տեսքով։ Եվ եթե առաջին նախագահ-կաթողիկոս շփումները պետք է ծառայեցվեն ինչ-որ բանի, ապա, թերևս, միայն ի նպաստ եկեղեցի-պետություն հարաբերությունների նորոգության ու առողջացման։ Պրագմատիկ, պետականամետ  քաղաքական գործչի համբավ ունեցող Տեր-Պետրոսյանն,  օրինակ, կարող էր վեհափառին իր անվերապահ աջակցությունը հայտնելուն զուգահեռ անկեղծորեն հետաքրքրվել՝ նա իրո՞ք  խախտել է կուսակրոնության ուխտը, իրո՞ք զավակ ունի, եթե այո, ապա արդյոք դա դեմ չէ՞ եկեղեցու կանոնագրքերին, և հետևապես այդ հիմքով վեհափառը պետք է թողնի կաթողիկոսական գահը։ Այսպիսով կաթողիկոսը կդասվի Տեր-Պետրոսյանի ասած  «պատմության հերոսական կաթողիկոսների շարքում»՝ «հեղափոխական քայլ» կատարելով,  աջակցելով ոչ թե ընդդիմությանը,  իշխանությանը կամ այլ սուբյեկտի, այլ առաջին հերթին հավատավոր հոտին, որը անցած մոտ 27 տարիների ընթացքում  լիակատար չի աջակցել ու շարունակում է  չաջակցել իր հովվապետին։ Ի դեպ, Գարեգին Բ-ի, որպես ամենայն հայոց  կաթողիկոսի, ընտրության իրավակարգ լինելը ևս բազում հոգևորականներ կասկածի տակ են առել՝ դնելով վերջինիս լեգիտիմության հարցը։  Հեղափոխության կարիք, իրոք, ոչ թե Հայաստան պետությունն ունի, այլ եկեղեցին։   


 Հ. Մ.