Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Վարչապետի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հարցում արած հայտարարությունները ոչ թե զգացմունքային կոչեր են, այլ փաստերի վրա հիմնված պետական մոտեցում։ Դրանք ճշմարիտ են՝ խոսքը վերաբերում է մարդու, ով սրբապղծորեն յուրացրել է Հայոց Եկեղեցու գահը։ Եվ մինչ ողջ հասարակությունը ապշած հետևում է իրականության բացահայտմանը, չնայած, որ հասարակությունը երկար տարիներ իմացել է եկեղեցու վերնախավի սրբապիղծ ապրելակերպի մասին, կաթողիկոս հորջորջված անձը չի ներկայացնում ոչ մի փաստարկ, ոչ մի հակադարձում՝ Վարչապետի պարզ ու հստակ մատնանշած մեղադրանքների վերաբերյալ։
Մեղադրանքները լռությամբ ընդունել՝ նշանակում է՝ ընդունել ճշմարտությունը։
Եթե նա զավակ չունի, թող հերքի։ Եթե նա անբարոյական վարք չի դրսևորել, թող ներկայացնի ապացույցներ։ Բայց ոչ. լռությունն այստեղ ապացույց է մեղքի, ոչ թե հավատքի։
Որպես հոգևորական, նրա պարտականությունն է լինել մաքուր՝ ոչ միայն հոգով, այլև վարվելակերպով։ Բայց երբ այդ աթոռը՝ Ամենայն Հայոց Հայրապետի, ծառայում է ոչ թե ազգին ու հավատին, այլ արտաքին ուժերին, մասնավորապես՝ ԿԳԲ-ի լրտեսական ցանցերին, սա արդեն ազգային անվտանգության հարց է։
Կաթողիկոսի աթոռը տարիներ շարունակ ծառայել է Ռուսաստանի շահերին՝ դառնալով գործիք՝ ազգի բարոյական կերպարը փչացնելու, հասարակության միավորումը խաթարելու և օրինական իշխանություններին հակադրվող խավ ստեղծելու գործում։ Սա պատահական չէ արվում, սա՝ համակարգային է։ Եվ այսօր՝ երբ պետությունը, Վարչապետը, քաղաքացիական հասարակությունն ընդվզում են, նշանակում է՝ եկել է վճռական պահը։
Ո՞վ է թույլ տվել նման մութ ճանապարհով նվաճել հոգևոր գահը։
Ո՞վ է պատասխանատու, որ քրիստոնեությունը մեր երկրում հայտնվել է անառակների և կեղծ սրբերի ձեռքում։
Ժողովրդի ձայնը պետք է հնչի բարձր ու վստահ.
կեղծիքով գահի հասածը պիտի հեռանա։
Ոչ թե կամավոր կերպով՝ այլ պարտադրված՝ հանուն ազգի բարոյական առողջության։
Վճռական պահ է եկեղեցին մաքրելու քաղաքական գործակալներից, որոնք սուրբ են ձևանում և սրբություն խաղում՝ հրամաններ ստանալով Մոսկվայից։