Հաշմանդամություն ունեցող երեխաների ուսումը պատշաճ կազմակերպելու համար նոր ուսումնական տարվանից դպրոցները կստանան 3 մլն-ական դրամ ֆինանսավորում
Նոր ուսումնական տարվանից այն դպրոցները, որոնք չունեն հարմարություններ հաշմանդամություն ունեցող երեխաների ուսումը պատշաճ կազմակերպելու համար, կստանան համապատասխան ֆինանսավորում։

Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանի խոսքով՝  ներդրվում է հանրակրթական դպրոցների ֆինանսավորման նոր մոդել, որտեղ ներառական կրթության ֆինանսավորման մոտեցումներում զգալի փոփոխություն է եղել։
«Բոլոր այն դպրոցները, որոնք նոր չեն կառուցվել կամ վերակառուցվել վերջին տարիների ընթացքում, և որոնցում առկա չեն հարմարեցումներ՝ մատչելիության ապահովման համար, ստանալու են շուրջ 3 մլն դրամ, որը պետք է ուղղեն շենքի պայմանների բարելավմանը»,- ասում է ԿԳՄՍ փոխնախարարը։

Արաքսյա Սվաջյանը նշում է՝ ավելի քան 20 տարի է, ինչ իրականացվում է ներառական կրթություն, սակայն դպրոցների շենքային պայմանները հարմար չեն որևէ տեսակի հաշմանդամություն ունեցող երեխայի համար։ Ֆինանսավորման նոր մոդելով ֆինանսավորում է հատկացված նաև խելամիտ հարմարեցումների համար. «Օրինակ՝ թույլ տեսողություն ունեցող երեխայի սեղանին պետք է դրված լինի խոշորացույց, կամ համապատասխան լուսավորություն լինի, գրելու կամ ընթերցանության դժվարություն ունեցող երեխայի սեղանին՝ հատուկ քանոններ կլինեն, որոնք հնարավորություն կտան ավելի հստակ տեսնել ընթերցվող հատվածը»։ 

Ֆինանսավորման հաջորդ փոփոխությունը վերաբերում է հաստիքներին: «Համընդհանուր ներառական կրթության ներդրման համատեքստում բոլոր դպրոցներում ներդրվել են ուսուցչի օգնականի հաստիքներ, որոնք աշխատում են բոլոր երեխաների հետ, աջակցում ուսուցչին՝ դասն ավելի ինտերակտիվ դարձնելու համար»,- ասում է փոխնախարարն ու ընդգծում, որ դպրոցներում 110 երեխայի դեպքում կլինի մեկ ուսուցչի օգնականի հաստիք։ 

Սեպտեմբերից հանրակրթական բոլոր դպրոցները կունենան նաև հոգեբաններ, նրանք կզարգացնեն երեխաների ինքնադրսևորումն ու ինքնարտահայտումը։ 

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում