Այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման մասին, հայտարարել է, թե 2018-ից սկսած ակտիվ քննարկումներ են ընթանում այդ ուղղությամբ։ Անդրադառնալով մասնավորապես ՀԷՑ-ի պետականացման խնդրին՝ գործադիրի ղեկավարը նկատել է՝ «պրոցեսը չի լինի մի փուլանի, բայց ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կառավարումը, և հետագա գործընթացները պետականացման և ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է արագ և արդյունավետ իրականացնենք»։ Վարչապետի խոսքով. «Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունը նույնպես քննարկումներ է ունեցել, այդ թվում՝ կառավարության գործընկերների հետ։ Համատեղ աշխատանքով նաև օրենքի նախագիծ է դրվել շրջանառության մեջ։ Դրա իմաստը կլինի այն, որ կառավարությունը կստանձնի Հայաստանի էներգետիկ ցանցերի կառավարումը։ Այդ կետից սկսած արդեն մենք ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք, թե ինչ սցենարով ենք գնում։ Որ սցենարով էլ որ մենք գնանք, մենք մի X պահի պետք է ապահովենք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը։ Ընդ որում, նաև մեր այս ընթացքի փորձը հաշվի առնելով, պետք է այնպիսի երաշխիքներ ստանանք, որ Հայաստանի ոչ միայն ընկերությունները, ոչ միայն կորպորացիաները, այլև քաղաքացիները, իրենք իրենց խնայողությունները հնարավորություն ունենան ներդնել, այսինքն՝ բաժնետոմսեր ձեռք բերել։ Մենք նման ռազմավարական նպատակ ունենք նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պարագայում, որպեսզի մեր քաղաքացիները իրենց խնայողություններով հնարավորություն ունենան որոշակի բաժնետոմսեր ձեռք բերել և ժառանգել իրենց երեխաներին, իրենց սերունդներին կամ, չգիտեմ, օգտագործել հետագայում այնպես, ինչպես իրենք են ուզում։ Սա մեր հարուցած գործընթացների վերջնակետերից, կարևոր վերջնակետերից և արդյունքներից մեկը պետք է լինի»,– ընդգծեց վարչապետը։
Նախագծում առաջարկվում է
մասնավորապես օրենքի 52-րդ հոդվածը շարադրել
հետևյալ բովանդակությամբ նոր
խմբագրությամբ. «Լիցենզիայից կամավոր հրաժարվելու դեպքում սպառողների
անխափան մատակարարումն ապահովելու նպատակով Հանձնաժողովը, մինչև գործունեության
նոր լիցենզիա տալը, իրավունք ունի համապատասխան որոշմամբ պարտադրել լիցենզիայից
կամավոր հրաժարված անձին ժամանակավորապես շարունակել իր գործունեությունը՝ Հանձնաժողովի
սահմանած պայմաններին և դրույթներին համապատասխան կամ լիցենզավորված
գործունեության իրականացումը պատվիրակել ժամանակավոր կառավարչին: Լիցենզիայի
գործողությունը դադարեցվելու դեպքում սպառողների անխափան մատակարարումն ապահովելու
նպատակով Հանձնաժողովը, մինչև գործունեության նոր լիցենզիա տալը, իրավունք ունի
համապատասխան որոշմամբ լիցենզիայից զրկված անձի լիցենզավորված գործունեության
իրականացումը պատվիրակել ժամանակավոր կառավարչին՝ բացառությամբ սույն օրենքի
52.1-րդ հոդվածով սահմանված դեպքի:
2. Հանձնաժողովը պարտավոր է
ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նոր լիցենզիա տալու գործընթացն արագացնելու
համար:
3. Եթե անձը հրաժարվում է իր
գործունեությունը շարունակելուց, կամ նրա լիցենզիայի գործողությունը դադարեցվել է,
ապա Կառավարությունը այդ անձի բաժնետերերին առաջարկում է իր հետ համաձայնեցված
կարգով օտարել այդ ընկերության բաժնետոմսերը, գույքը կամ լիցենզավորված
գործունեությունն ապահովող՝ իր սեփականությունը հանդիսացող գույքային համալիրը:
Սույն մասով սահմանված օտարումը եռամսյա ժամկետում չիրականացվելու դեպքում, որպես
բացառիկ միջոց, բաժնետոմսերը, գույքը կամ լիցենզավորված գործունեությունն ապահովող
գույքային համալիրը կարող են օտարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության
60-րդ հոդվածին համապատասխան»:
Նախագծերի նպատակն է
ապահովել էներգետիկայի բնագավառում սպառողների իրավունքների և օրինական շահերի
առավել համապարփակ պաշտպանությունը՝ հաշվի առնելով նաև ոլորտի գործունեության
կրիտիկական կարևորությունը:
Հ. Մ.