«Ականատես» դիտորդական առաքելությունը վերագործարկել է iDitord կայքը․ քաղաքացիները կարող են կայքի միջոցով ահազանգել քարոզարշավի և քվեարկության օրվա ընթացքում տեղ գտած ընտրախախտումների մասին
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Ականատես» դիտորդական առաքելությունը վերագործարկել է iDitord  https://iditord.org/elections/2023-09-17/submit  էլեկտրոնային հարթակը։ Այն նախատեսված է քարոզարշավի և քվեարկության օրվա ընթացքում տեղ գտած ընտրախախտումների մասին քաղաքացիների ահազանգերի գրանցման համար։ Ստացված ահազանգերը կստուգվեն ճշգրտության տեսանկյունից և կձեռնարկվեն քայլեր՝ հաստատված խախտումներին պետական մարմինների կողմից արձագանք ստանալու համար։ 
«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է 2018 թվականին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ների, «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամ և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կողմից:

«Ականատես»-ը պաշտոնապես հավատարմագրված է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից՝ որպես Երևանի ավագանու ընտրություններում դիտորդություն իրականացնող կազմակերպություն։

«Ականատես»-ի նպատակն է խթանել ազատ և արդար ընտրությունների անցկացումը Հայաստանում, ինչպես նաև երկրում ընտրական գործընթացների և ինստիտուտների բարելավումը։ Նախաձեռնության գործունեության ուղղություններն են՝ նախընտրական և հետընտրական գործընթացների դիտարկումը, քվեարկության օրվա ընթացքին հետևելը, ընտրական գործընթացների վերաբերյալ հանրության իրազեկվածության ապահովումը և օրենսդրական բարեփոխումների խթանումը:

Ականատեսը հանդիսանում է մի շարք միջազգային դիտորդական ցանցերի անդամ։ Դիտորդական առաքելությունը անդամակցում է Global Network of Domestic Election Monitors (GNDEM)European Platform for Democratic Elections (EPDE) և European Network of Elections Monitoring Organizations (ENEMO) կազմակերպություններին։