ԱԳ փոխնախարարը Սևիլիայում վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ հանձնառությունը

Հուլիսի 2-ին Սևիլիայում Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ֆինանսավորելով զարգացման նոր տասնամյակը Դեպի ծով ելք չունեցող երկրների համար» խորագրով նախարարական հանդիպմանը։

Ինչպես հայտնել են ԱԳՆ-ից, իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է դեպի ծով ելք չունեցող երկրների (LLDC) համակարգային խոցելիությանը՝ կարևորելով ՄԱԿ-ի մարմինների կողմից թիրախային գործողությունների իրականացումը՝ ուղղված վերջիններիս զարգացման կարիքների պատշաճ հասցեագրմանը։


 Այս համատեքստում ընդգծվել է նաև միջազգային հանրության կողմից համակարգված ջանքերի գործադրման կարևորությունը LLDC խմբի ենթակառուցվածքների զարգացման և ներառական տնտեսական աճի խթանման հարցում:


ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում նշել է, որ Ավազայի գործողությունների ծրագիրը սահմանում է միջոցառումների և հանձնառությունների հստակ շրջանակ՝ LLDC խմբի սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրման համար՝ շեշտադրելով ծրագրի գործնական իրականացման հարցում տրանսպորտային ենթակառուցվածքներին հատկացվող ոչ բավարար ֆինանսավորման խնդիրը։

Անդրադառնալով ներառական փոխկապակցվածության, բաց սահմանների և փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության գաղափարին՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ վերահաստատելով տարածաշրջանում խաղաղության և համագործակցության հաստատմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը: