Թուրքիայի Իզմիր նահանգում անտառային հրդեհները տարածվել են դեպի բնակավայրեր, ներառյալ Չեշմեն, Օդեմիշը, ինչպես նաև հարակից գյուղերը։
Հրդեհը սկսվել է գյուղատնտեսական տարածքներից և ուժեղ քամու պատճառով արագորեն տարածվել է դեպի անտառային զանգվածներ ու մոտեցել Իզմիր–Չեշմե մայրուղուն։ Անվտանգության նկատառումներով ճանապարհը փակվել է երկու ուղղություններով։

Հուլիսի 3-ի առավոտյան տվյալներով՝ հրդեհը ընդգրկել է մեծ տարածքներ։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 2 ինքնաթիռ, 6 ուղղաթիռ, 217 միավոր տեխնիկա և 783 փրկարար։ Գործողություններին մասնակցում են ոստիկանությունը և տեղի իշխանությունները։
Իզմիրի նահանգապետ Սուլեյման Էլբանը հայտնել է, որ հրդեհը, քամու 85 կմ/ժ արագությամբ, տարածվել է դեպի Գերմիան, Կարաքյոյ և Նոխութլու բնակավայրեր։

Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը կարող է լինել էլեկտրահաղորդման գծի վնասումը կամ կարճ միացումը։ Մեկ այլ հրդեհ բռնկվել է Օդեմիշ քաղաքում՝ Տոսունլար և Սուչըքթը շրջաններում։ Երկու բնակավայրերն էլ տարհանվել են։
Նահանգապետը նշել է, որ Սուչըքթը հասնելու պահին որոշ բնակիչներ դեռ տներում էին, սակայն համատեղ աշխատանքը՝ AFAD-ի, անտառային ծառայությունների և արտակարգ խմբերի, թույլ է տվել տարհանել բնակիչներին առանց զոհերի։

Թուրքիայում իշխանությունները զգուշացնում են՝ Էգեյան տարածաշրջանում պայմանավորված անոմալ շոգով, ցածր խոնավությամբ և ուժեղ քամով հրդեհավտանգ իրավիճակ է։