Վրաստանի նախկին նախագահ,
«Վարդերի հեղափոխության առաջնորդ» Միխեիլ Սաակաշվիլին, ով այժմ անազատության
մեջ է, ուշագրավ գրառում է արել՝ անդրադառնալով Հարավային Կովկասի ներկայիս իրավիճակին,
նաև՝ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։
Սաակաշվիլին մասնավորապես գրել
է, որ Հարավային Կովկասում տեղի ունեցողը Ռուսաստանի թուլացման ուղղակի հետևանք է Ուկրաինայում․ «Անհաջող պատերազմից
հետո Փաշինյանը Հայաստանում արեց այն, ինչ ես չարեցի 2011-2012 թվականներին՝ ձերբակալեց
հայ Իվանիշվիլիին, միլիարդատեր Կարապետյանին։ Փաշինյանը պաշտոնապես ստանձնց ԵՄ անդամակցության ուղին։
Բաքուն սկսել է համագործակցել
ՆԱՏՕ-ի հետ, Ադրբեջանը Ռուսաստանին համարում է ուղղակի սպառնալիք և ակտիվ քայլեր է
ձեռնարկում իր քաղաքական, տնտեսական և մշակութային տարածքը ռուսական ազդեցությունից
մաքրելու համար։ Բացի այդ, սկսվել է Ադրբեջանի և Հայաստանի մերձեցումը, որը Ռուսաստանին
հասցված ամենածանր հարվածն է»,-գրում է Վրաստանի նախկին նախագահը։
Խոսելով արդեն Վրաստանի մասին,
Սաակաշվիլին պնդում է, որ այս իրավիճակում Վրաստանը լիակատար անոմալ իրավիճակում է,
քանի որ հասարակությունը խորապես ատում է Իվանիշվիլիին և նրա «հոտին»։
Սաակաշվիլին վրաց հասարակության
ակտիվ կողմերին կոչ է անում ցուցաբերել նախաձեռնողականություն․ «Աշխարհաքաղաքական
գործընթացները մեզ շատ են օգնում, բայց մենք նաև ժամանակ չունենք վատնելու։ Առաջնորդների
պակասի պայմաններում ինքնակազմակերպումը միակ ճիշտ լուծումն է»,-գրել է նա։