Երևանում արագաչափերի և լուսացույցների սպասարկումն իրականացրած «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր տնօրեն Ալեքսան Զաքարյանը, նրան փոխկապակցված եւս մի քանի անձ՝ Գայանե Վերդյանը, դստրերը՝ Աստղիկ եւ Տաթեւիկ Ղազարյանները հրավիրվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Նրանց պատկանող գույքերի վերաբերյալ իրականացվել է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։ Այս մասին
Civic.am-ը տեղեկացավ azdarar.am-ից։
Ըստ ծանուցագրերի՝ հիշյալ անինք Դատախազություն պետք է ներկայանան սեպտեմբերի 4-ին։ Նշենք, որ Ալեքսան Զաքարյանը քրեական հետապնդման է ենթարկվում։ Օգոստոսի 18-ին
հաղորդվեց, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների համահիմնադիրների, տնօրենների և մի շարք այլ աշխատակիցների կողմից խարդախությամբ և փաստաթղթեր կեղծելու և իրացնելու միջոցով պետությունից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված և վեց մեղադրյալների մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունը:
«Քննությամբ պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 15-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության միջև կնքվել է ՀՀ-ին պատկանող, երթևեկության նկատմամբ հսկողություն իրականացնող համակարգերի հավատարմագրային կառավարման պայմանագիր, որով սահմանվել է, որ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերությունը վարձատրվում է ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ տեխնիկական հսկողության համակարգերի միջոցով հայտնաբերված իրավախախտումների համար նշանակված տուգանքների փաստացի գանձումների գումարի և կրած ծախսերի համար հատուցման ենթակա գումարների տարբերության 10 տոկոսի չափով:
Ավելին, նույն պայմանագրով սահմանվել է նաև, որ նշված համակարգերի սպասարկման նպատակով մատուցվելիք ծառայությունների համար «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերությունը ստանալու է կատարված ծախսերի 100 տոկոս փոխհատուցում: «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերությունը նշված երթևեկության նկատմամբ հսկողություն իրականացնող համակարգերի տեխնիակական սպասարկման համար պայմանագիր է կնքել «Էլլիպս ՋիԷյ» ՍՊ ընկերության հետ:
Վարութային և քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերոհիշյալ ընկերությունների համահիմնադիրների, տնօրենների և մի շարք աշխատակիցների կողմից մշակվել է պետությունից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու մեխանիզմ, պարզվել են հանցավոր շղթայում մասնակցություն ունեցած անձանց ինքնությունն ու դերակատարությունը, ինչպես նաև՝ պետությանը պատճառված վնասի չափը»,-նշված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ:
Պետությանը պատճառված վնասի`ընդհանուր 770.960.963 ՀՀ դրամ գումարից 290.327.078 ՀՀ դրամը նախաքննության ընթացքում համահիմնադիրների կողմից հատուցվել է, իսկ դեռևս չհատուցված մասով չորս մեղադրյալների գույքերի և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի ֆինանսական միջոցների վրա դրվել են կալանքներ:
Վեց մեղադրյալներից երեքի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիառվել գրավը, երկուսի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելք:
Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար, ուղարկվել են հսկող դատախազին։