Իսրայելը մահափորձ է արել իմ դեմ․ Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը հայտնել է, որ իսրայելական հատուկ ծառայությունները փորձել են մահափորձ կազմակերպել իր դեմ, սակայն գործողությունը ձախողվել է։ Այս մասին նա պատմել է ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնի հետ հարցազրույցում։


«Այո՛, նրանք փորձել են, բայց ձախողվել են», - ասել է Պեզեշքիանը։


Իրանի ղեկավարի խոսքով՝ մահափորձի փորձը տեղի է ունեցել մոտ մեկուկես շաբաթ առաջ։ Պեզեշքիանը պարզաբանել է, որ այդ պահին մասնակցում էր փակ խորհրդակցության, և հենց այդ օբյեկտի վրա էր նախատեսվում հարվածը։


Միաժամանակ, Իրանի ղեկավարն ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մահափորձի հետ կապ չեն ունեցել։


Հիշեցնենք, որ Թաքեր Կառլսոնը ավելի վաղ հայտնել էր Իրանի նախագահի հետ հարցազրույցի ձայնագրության մասին։ Կառլսոնը նշել է, որ հարցազրույցից սենսացիոն բացահայտումներ չպետք է ակնկալել, քանի որ թեմայի առանձնահատկությունը թույլ չի տվել մի շարք կարևոր հարցեր տալ, հատկապես միջուկային ծրագրի վերաբերյալ, որի մասին տեղեկատվությունը, ինչպես նա ընդգծել է, մնում է խիստ գաղտնի։