Անչափահաս տղան «BMW»-ով բախվել է գովազդային վահանակին, հայտնվել մայթին. կա վիրավոր

Հուլիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում 17-ամյա Ռոբերտ Մարանգոզյանը իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտա- Գրիբոյեդով փողոցի խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել տրանսպորտային կանգառին մոտ տեղադրված գովազդային վահանակին, կոտրել այն և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով մեկ մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։


Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։


Քննիչի հանձնարարությամբ ավտոմեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։


Քննչական բաժինը պարզում է՝ հիվանդանոց տեղափոխվածը վրաերթի հետևանքով է տուժել, թե վահանակն է ընկել նրա վրա։