Ընդդիմությունն իր անորակ «կռուտիտներով» մատնում է Վազգեն Գալստանյանի խմբի հակաօրինական մտադրությունները

Իրավապահների կողմից Վազգեն Գալստանյանի գլխավորած հեղաշրջման փորձի բացահայտումից հետո ընդդիմադիր հատվածը իր լրատվադաշտով փորձում է արդարացնել, ծածկել տեղի ունեցածը։ Նրանք նախ, ձայնագրություններին անդրադառնալով, հայտարարում էին, թե դրանք գեներացվել են արհեստական բանականության միջոցով։ Հետո, հասկանալով, որ չեն կարող մարդկանց այդպես մոլորեցնել, հայտարարեցին, թե դրանք մոնտաժված ու կոնտեքստից հանված են։


Սա մեկ ապացույց, որ ընդդիմությունը ոչ թե փորձում է օբյեկտիվ լինել ու գնահատել իրավիճակը, այլ ծածկադմփոց անել։ Որովհետև ակնհայտ է, որ փորձում են որակյալ «կռուտիտներ» մոգոնել, ինչը չի ստացվում։


Հաջորդիվ իրենց դեմքերով և իրենց մեդիայով ավելի խայտառակվեցին ու ապացուցեցին, որ թե՛ ձայնագրությունները, թե՛ դրանց սղագրությունները, որ հրապարակել են իրավապահ մարմինները, գեներացված չեն արհեստական բանականությամբ, կոնտեքստից հանված չեն, Civic.am-ի նկուղներում չեն ստեղծվել և այլն։


Եվ ահա ի՞նչ են ասում. մեջբերում են Արսեն Թորոսյանի գրառումներից մեկը, որտեղ վերջինս, անդրադառնալով տարիներ առաջ Երևանի կենտրոնում «Համմեր» մակնիշի ավտոմեքենայով փողոցներով ու մայթերով, մյուս մեքենաներին հարվածելով ոստիկանությունից փախչող վարորդի միջադեպին, գրել էր, որ պետք է դիմահար կրակոցով կասեցնել վերջինիս ապօրինի գործողությունները։ Եվ ահա, «հերոսաբար» գտնելով այս գրառումը, ընդդիմությունը հարցնում է՝ ուրեմն սա՞ էլ կարելի է ահաբեկչություն որակել, կամ ահա՝ եթե մենք էլ այսպես կոնտեքստից կտրենք, լավ կլինի՞։


Նախ՝ նկատենք, որ ընդդիմությունը փորձում է ոչ թե պատասխանել կամ գնահատականներ տալ իրավապահների գնահատականներին՝ իշխանությունը բռնությամբ զավթելու փորձին, այլ խուսանավելով ասում է՝ բա դուք էլ, որ... բա Արսեն Թորոսյանն էլ, որ... 

 

Այսինքն՝ չեն հերքում իրավապահների գնահատականները իրենց «գործընկերների» մասին, այլ ասում են՝ դե դուք էլ եք նույնն արել։ Բայց հարցն այն է, որ Արսեն Թորոսյանի գրառումը կոնտեքստից հանված չէ։ Նա ճիշտ և ճիշտ դիմահար կրակոցով «Համմերի» վարորդին չեզոքացնելու կոչ է արել։ Այսինքն՝ եթե ընդդիմությունը համեմատում է Վազգեն Գալստանյանի խմբի ու Արսեն Թորոսյանի ասածները, ապա պետք է ընդունի, որ իշխանությունը բռնի զավթելու փորձ կազմակերպողները այդպիսի մտադրություններ իրոք ունեցել են, ոչ թե հորինել AI-ով սարքած լինելու կամ կոնտեքստից կտրած լինելու հեքիաթները։ Ուղղակի Արսեն Թորոսյանի կոչը՝ ի տարբերություն Գալստանյանի խմբի մտադրությունների, հանցակազմ չի պարունակում։ Ոստիկանությունը ոչ թե կարող է, այլ անգամ պարտավոր է անհրաժեշտության դեպքում դիմահար կրակոցով չեզոքացնել պոտենցիալ մարդասպանին։ Իսկ «Համմերի» վարորդի գործողությունները կարող էին բերել անդառնալի հետևանքների։ Հետևաբար ոստիկանությունը՝ այդ թվում դիմահար կրակոցով կարող էր չեզոքացնել վերջինիս։


Հաջորդ անպտուղ և քմծիծաղ առաջացնող, շատ խղճուկ փորձը՝ արդարացնել Կտրիճ Ներսիսյանի օրհնությունը վայելող Վազգեն Գալստանյանի խմբի մտադրությունները, 2016 թվականի ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կիսատ-պռատ մեջբերելն է։ Կրկին՝ «բա դուք էլ ժամանակին...» տրամաբանության մեջ։ Կրկին՝ ոչ թե հերքելով Գալստանյանի հանցավոր մտադրությունները, այլ փորձելով արդարացնել դրանք՝ վկայակոչելով այսօրվա իշխանության՝ նախկինում արված հայտարարությունները կամ գործողությունները։  


Իսկ ի՞նչ էր ասել Փաշինյանը 2016-ին և, որ ամենակարևորն է, ինչ էր արել։ Ընդդիմությունն ասում է, թե Փաշինյանը հրաժարվել է ՊՊԾ գնդի գրավումը ահաբեկչություն որակելուց։ Իսկ Փաշինյանը իրոք ասում էր, որ «Սասնա ծռեր»-ի գործողությունը ուղղակի ահաբեկչություն անվանելը, ուղղակի Քրեական օրենսգրքի որևէ հոդվածով իրավիճակը նկարագրելը նշանակում է չհասկանալ Հայաստանում տիրող իրավիճակը։ Եվ տեղում էլ, վերցնելով հարթակը, Փաշինյանը բառացի հայտարարում էր, որ տարածքում չի կարող լինել բռնություն գործադրելու մտադրություն ունեցող որևէ քաղաքացի՝ ինչ մեկնաբանությամբ էլ լինի։ «Եվ այս շարժման սիմվոլը լինելու է բաց և վեր բարձրացրած ձեռքերը՝ ցույց տալու համար, որ մեզ պետք չէ մեր ձեռքերում ունենալ մահակ, քար կամ փայտ։ Մենք ուժեղ ենք մեր մտքով, մենք ուժեղ ենք մեր սիրով»,- ասում էր Նիկոլ Փաշինյանը։ Եվ ահա այս հայտարարություններն ու խաղաղությամբ հարցերը լուծելու մոտեցումն էր, որ ձեռք չտվեց գունդը գրավողներին, և Փաշինյանը իր թիմով հեռացավ հարթակից։ Իսկ Փաշինյանը իր հարցազրույցներում միանշանակ և առանց «բայց»-երի հայտարարում էր, որ բռնության որևէ դրսևորում իր համար անընդունելի է։


Հիմա ընդդիմությունը անգամ եթե այդ բառերն արտաբերում է, ապա հաջորդ բառը «բայց»-ն է լինում, ու շարունակում է, թե խոսքերը կոնտեքստից կտրված են, AI գործիքներ են կիրառվել և այլն։


Խորհրդարանական ընդդիմությունն անգամ որակյալ «կռուտիտ» չի կարող անել, բայց իշխանություններին մեղադրում են ապիկարության մեջ, հայտարարում էին, թե այս իշխանությունը չի կարող Ադրբեջանի հետ հաջող բանակցել և այլն։ Հիմա պարզ է, թե այս որակի խմբակը ինչպես է ժամանակին բանակցել, աշխատել ու գործել։

 

Վովա Հակոբյան