ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հուլիսի 8-ին ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում տեղի ունեցած ականանետային կրակոցի պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը) 1-ին մասով և 550-րդ հոդվածի (զինվորական պաշտոնեական անփութությունը) 1-ին մասով:


Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից։


Վնասվածք ստացած զինծառայողները ճանաչվել են տուժողներ:


«Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է»,- նշեցին ՔԿ-ից։


Հիշեցնենք՝ ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով եղել էին տուժողներ:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: