Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կօգնի տարածաշրջանում կայունության հաստատմանը, Ռուսաստանն աջակցում է այս գործընթացին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք, իհարկե, ողջունում ենք այսպիսի ուղիղ երկխոսության փաստը: Մենք բազմիցս տարբեր մակարդակներում ասել ենք, որ կողջունենք խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը։ Հենց նման պայմանագրի ստորագրումը կդառնա շատ կարևոր գործոն, որը թույլ կտա տարածաշրջանում ավելացնել կանխատեսելիություն, կայունություն և խաղաղություն։ Մենք լիովին աջակցում ենք այս գործընթացին»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում այն փաստը, որ Բաքվում և Երևանում բանակցային գործընթացը առավելագույնս մոտեցել է խաղաղության պայմանագրի ստորագրմանը։