Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Հունգարիայում

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը Երևանի «Փյունիկից» հեռանալուց հետո տեղափոխվել է հունգարական «Կազինցբարցիկա»:


Այս մասին հայտնել է ակումբը:


«Ես պայմանագիր եմ կնքել, քանի որ ազգային հավաքականում իմ թիմակիցներից, ովքեր այստեղ են խաղում, տեղեկացել եմ, որ Հունգարիայի առաջնությունը բարձր որակի է, և երկիրը ևս շատ գեղեցիկ է: Գիտեմ, որ սա ակումբի առաջին տարին է ուժեղագույն լիգայում։ Ես եկել եմ օգնելու թիմին հաղթել խաղերում։ Մենք կպայքարենք յուրաքանչյուր միավորի համար, բայց միևնույն ժամանակ պետք է վայելեմ այստեղ լինելը»,- հայտարարել է 32-ամյա Հարոյանը պայմանագիրը ստորագրելուց հետո:



«Կազինցբարցիկա»-ի սպորտային տնօրեն Սիմոն Միկլոսը նշել է, որ ակումբի և քաղաքի համար մեծ հպարտություն է նման փորձառու ֆուտբոլիստի ներգրավումը։


«Մեզ համար հպարտություն է նման փորձառություն ու անցյալ ունեցող խաղացողին ընդունել մեր թիմում։ Պաշտպանության կենտրոնում մեզ անհրաժեշտ էր իսկական առաջնորդ, և գրեթե 100 խաղ ունեցող ազգային թիմի ավագի դեպքում կասկած չկա, որ նա համապատասխանում է այդ չափանիշներին։ Համոզված եմ՝ նա մեծապես կօգնի ոչ միայն խաղադաշտում արդյունավետության բարձրացման, այլև մյուս խաղացողների անհատական զարգացման հարցում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այս տրանսֆերի իրականացմանը»,–ասել է ակումբի տնօրեն Սիմոն Միկլոշը։