Խորհրդարանում Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի հետ քննարկվել է ՀՀ-ԵՄ շրջանակում Բուլղարիայի հետ փոխգործակցության հարցը

ԱԺ Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, խմբի անդամ Ալխաս Ղազարյանն ու պատգամավոր Հայկ Ցիրունյանը հուլիսի 14-ին հանդիպել են Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների, տարբեր հանձնաժողովների ներկայացուցիչների ու Բուլղարիայի մշակույթի փոխնախարար Աշոտ Ղազարյանի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:


Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Բուլղարիա բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:


Բաբկեն Թունյանի գնահատմամբ՝ երկու երկրների միջև չիրացված ներուժ կա, հատկապես՝ տնտեսական ու զբոսաշրջության ոլորտներում:


Երկկողմ կապերի ընդլայնման գործում հայ խորհրդարանականները կարևորել են Բուլղարիայի հայ համայնքի ուրույն դերակատարությունը:


Բուլղարացի օրենսդիրները խոսել են բարեկամական հարաբերությունների և մի շարք ոլորտներում կապերի զարգացման անհրաժեշտությունից:


Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ շրջանակում Բուլղարիայի հետ փոխգործակցությանը: Ներկայացվել է ԵՄ երկրներ վիզաների ազատականացման գործընթացը:


Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր: