«Եվրոպա այցելությունը վիզայով կամ առանց վիզայի էկզիստենցիալ հարց չէ». Կոբախիձեն ԵՄ-ն համեմատել է ԽՍՀՄ-ի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի հնարավոր կասեցումը երկրի համար «էկզիստենցիալ հարց» չէ, ի տարբերություն խաղաղության և կայունության պահպանման։ Նա այս մասին ասել է հուլիսի 17-ին՝ մեկնաբանելով Եվրահանձնաժողովի նամակը, որով Վրաստանի կառավարությունից պահանջվում է իրականացնել ութ առաջարկություն։


«Եթե հարցը դրվի այսպես՝ կամ խաղաղություն և կայունություն, կամ վիզայի ազատականացում, մենք անպայման նախապատվությունը կտանք խաղաղությանը և կայունությանը։ Սա վրաց ժողովրդի ընտրությունն է։ Ահա այսպես են մեզ դնում ընտրության առաջ»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը։


 «Մեզ ասում են, որ չի կարելի ընդունել օրենք, որը սահմանափակում է երկրում հեղափոխական գործընթացները ֆինանսավորելու արտաքին խաղացողի հնարավորությունը: Սա սպառնալիք է կայունությանը: Եթե հարցը այդպես է դրվում, մենք ընտրում ենք կայունությունը: Մենք չենք զիջի»,- ընդգծել է Կոբախիձեն:  


Նա նաև հայտարարել է, որ իշխանություններին ներկայացված Եվրամիության պահանջները իրավականորեն հիմնավորված չեն, այլ «դատարկ քաղաքական վերջնագրեր» են։ Քաղաքական գործիչը հավելել է, որ «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքները և «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենսդրական փաթեթը, որոնք ԵՄ-ն պահանջում է չեղարկել, անհրաժեշտ են «ընտանեկան արժեքների, անչափահասների իրավունքների պաշտպանության և ապակառուցողական գործընթացների կանխարգելման» համար։


Կոբախիձեն ԵՄ-ի վարքագիծը համեմատել է Խորհրդային Միության պրակտիկայի հետ: «Խորհրդային Միությունում հրահանգները գալիս էին Մոսկվայից. եթե չկատարես, կպատժվես: Ինչո՞վ է Բրյուսելը տարբերվում Մոսկվայից: Բրյուսելը չպետք է դառնա խորհրդային Մոսկվայի նման», - ասել է նա: