Մշակույթի նախկին նախարար, հետախուզման մեջ գտնվող Հասմիկ Պողոսյանն ու նրան փոխկապակցված անձինք հրավիրվել են ՀՀ Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն
Մշակույթի նախարարի պաշտոնը 10 տարի զբաղեցրած Հասմիկ Պողոսյանը, նրա ամուսինը՝ Էդուարդ Հակոբյանը, որդիները՝ Ստեփան եւ Վաղարշակ Հակոբյանները եւ եւս մեկ անձ՝ Ադելա Ստեփանյանը, հրավիրվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Այս գործով որպես շահագրգիռ անձ՝ դատախազության վերոհիշյալ վարչությունը ծանուցագիր է ուղարկել նաեւ օֆշորային գոտում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «ՕՇԸՆ ՓԸՍԻՖԻՔ ԳԼՈԲԸԼ ՓՐՈՓԸՐԹԻԶ ԼԻՄԻԹԻԴ» ԲՎԿ ընկերությանը, որի տնօրենը եղել է Պողոսյանի հարսը՝ որդու կինը։ 

Այս մասին Civic.am-ը տեղեկացավ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքից։ Ըստ դատախազության ծանուցագրերի՝  վերոհիշյալ անձինք դատախազություն պետք է ներկայանան սեպտեմբերի 19-ին։ Նրանց պատկանող գույքերի վերաբերյալ, ըստ դատախազության ծանուցագրերի, կատարվում է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։ 

Նշենք, որ Հասմիկ Պողոսյանը պաշտոնավարել է 2006-2016 թթ, նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել իր պաշտոնատարման օրոք կատարված խարդախության առնչությամբ։ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում, ինչպես հայտնի է, շարունակվում է մշակույթի նախկին նախարարի, «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ տնօրենի օժանդակությամբ ՍՊ ընկերության հիմնադիրների և տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի նախաքննությունը: 

Երևան քաղաքի Եզնիկ Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասը ուսումնական նպատակով օգտագործելու կեղծ պատրվակով ՍՊԸ տնօրենը, ՍՊԸ-ի հիմնադրումից ընդամենը 4 օր անց, Երևանի քաղաքապետին է ներկայացրել ներդրումային ծրագիր՝ առաջարկելով «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար այն տրամադրել ընկերությանը: Փոխարենը՝ ընկերությունը պարտավորվել է նշված համալիրի կառուցումից բացի, իրականացնել նաև դպրոցի պայմանները բարելավելու աշխատանքներ: ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, ում, եզրակացություն ստանալու նպատակով, հասցեագրվել էր ներդրումային ծրագիրը, տեղեկացված լինելով ընկերության կողմից հողատարածքը ոչ ուսումնական նպատակով օգտագործելու և դրա վրա բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու իրական մտադրության մասին, չի առարկել ներկայացված ներդրումային ծրագրի դեմ: Ծրագրին հավանություն է տվել նաև «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, ով ընկերության տնօրենի եղբայրն է:

2012թ. դեկտեմբերի 13-ին ՀՀ մշակույթի նախկին նախարարի և ընկերության միջև կնքվել են համապատասխան պայմանագրեր, որոնցում դիտավորությամբ չի ներառվել Կառավարության որոշմամբ սահմանված պարտավորություններից՝ 800 մլն դրամ արժողությամբ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու պարտավորության կատարումը: Այդ կերպ ՀՀ մշակույթի նախկին նախարարը, խոչընդոտները վերացնելով, ընկերությանը հնարավորություն է տվել, առանց նշված պարտավորության կատարման, իր սեփականության իրավունքը գրանցել Երևան քաղաքի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 0.03 հա մակերեսով հողամասից, 35.3 քմ մակերեսով կաթսայատնից և 16.8քմ կարգավիճակը չորոշված ինքնակամ շինությունից բաղկացած անշարժ գույքի նկատմամբ:

Այնուհետև, ՀՀ մշակույթի նախկին նախարարը երկու նախագիծ է ներկայացրել Կառավարություն, որոնցով առաջարկել է կատարել փոփոխություն արդեն իսկ առկա որոշման մեջ: Այն է՝ կատարել դպրոցի շենքի կապիտալ վերանորոգում՝ տեղեկացված լինելով, որ այն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով: Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվել է հիշյալ երաժշտական դպրոցին տրամադրել երաժշտական գործիքներ՝ դպրոցի մարզադահլիճի և այլ հատվածների հիմնանորոգման փոխարեն:

Արդյունքում արձանագրվել է, որ Ընկերությունը կատարել է Կառավարության որոշմամբ սահմանված՝ կաթսայատան կառուցման և երաժշտական գործիքների տրամադրման պարտավորությունները, ինչի պայմաններում Երևանի Ե.Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300.0 քմ մակերեսով հողատարածքն ու 35.3 քառ. մետր մակերեսով կաթսայատան շինության տարածքը խարդախությամբ հափշտակվել է՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 165.770.000 մլն դրամի գույքային վնաս:
Նշված անշարժ գույքը հափշտակելուց հետո այդ հասցեում կառուցվել է 17 հարկանի շենք:

Հասմիկ Պողոսյանը գտնվում է հետախուզման մեջ, իսկ որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել կալանավորումը:

Նշենք, որ Պողոսյանի որդու կնոջը` Ֆրանչեսկա Կուտրուպիին, եւս մեղադրանք է առաջադրվել՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացումը) համար,  նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ 

Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն մշակույթի եւ սպորտի նախկին նախարար, նախկին դեսպան «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության  այդ ժամանակվա նախագահ (փոխնախագահը եղել է Հասմիկ Պողոսյանը) Արմեն Սմբատյանն ու հիշյալ ՀԿ-ի անդամ Գոռ Դավթյանը։ Այս գործը Հակակոռուպցիոն դատարանում է։ Դատախազություն հրավիրված Ադելա Ստեփանյանը Գոռ Դավթյանի մայրն է։   

Հ․Մ․