ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին դարձել է կողոպուտի զոհ Բուշ դյու Ռոնի իր տանը (Մարսելից ոչ հեռու), հաղորդում է RTL հեռուստաալիքը:
Դեպքը տեղի է ունեցել այսօր, առավոտյան ժամը վեցին մոտ: Պլատինին աղմուկ է
լսել իր այգուց, իսկ երբ դուրս է եկել ստուգելու, թե ինչ է կատարվում, տեսել է
սևազգեստ տղամարդու՝ կապիշոնով: Անհայտ տղամարդը այնուհետև թաքնվել է:
Պլատինին տանը նկատել է կողոպուտի հետքեր։ Նա նաև հայտնաբերել է, որ անհայտ
անձը գողացել է մոտ 20 մեդալ և գավաթ։ Վնասի չափը դեռևս պարզված չէ, 70-ամյա
Պլատինին անձամբ չի տուժել։ Մարսելի ոստիկանությունը հայտարարել է, որ միջադեպի փաստով
հետաքննություն են սկսել։
1984 թվականի Եվրոպայի չեմպիոն և «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր Միշել
Պլատինին ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2007-ից 2015 թվականներին։ 2015
թվականի աշնանը նա ութ տարով հեռացվել է ֆուտբոլային ցանկացած գործունեությունից՝
կոռուպցիոն սկանդալի պատճառով, ժամկետը հետագայում կրճատվել է մինչև չորս տարի։ Հեռացման
ժամկետը լրացել է 2019 թվականի հոկտեմբերին։