Իրանի դիրքորոշումը անփոփոխ է. Իրանի ԱԳՆ-ն՝ Ալիևի վերջին հայտարարությունների մասին

Իրանի դիրքորոշումը Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ մնում է անփոփոխ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղաին, հաղորդում է Mehr-ը։


Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է հայտնվել քաղաքական մեկուսացման մեջ, եթե չապահովի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Նրա խոսքով՝ Բաքվին անհրաժեշտ է «անխոչընդոտ հասանելիություն» Ադրբեջանի արևմտյան մասի և Նախիջևանի միջև։ Ընդ որում, Ալիևի տրամաբանությամբ, Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայ սահմանապահներին՝ իբր իրենց անվտանգության համար։ Ադրբեջանի նախագահը նաև պարզաբանել է, որ ենթադրվող միջանցքի տարածքում «չեն լինելու ոչ օպերատորներ, ոչ վարձակալություն», ինչը, ըստ էության, նշանակում է Ադրբեջանի լիակատար իրավասության պահանջ օտար տարածքում, բայց, իհարկե, առանց այդ փաստի որևէ պաշտոնական ճանաչման։


«Մենք աջակցում և հավանություն ենք տալիս տարածաշրջանի երկրների միջև փոխանակումների և հարաբերությունների ընդլայնմանը և միշտ ընդգծել ենք, որ այդ միջոցառումները և այդ անցակետերի ստեղծումը չպետք է խաթարեն ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները, ինչպես նաև չհանգեցնեն տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխությունների»,- նշել է Բաղաին։


Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ևս արձագանքել է Ադրբեջանի նախագահի հայտարարություններին՝ նշելով, որ դրանք դուրս են գալիս բանակցությունների տրամաբանությունից։