Իրանի միջուկային օբյեկտներին վերջերս ԱՄՆ-ի հասցրած հարվածներից հետո Իրանում ուրանի հարստացումը ժամանակավորապես դադարեցվել է։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ ընդգծելով, որ ծրագրից հրաժարումը չի քննարկվում, քանի որ դա ազգային հպարտության հարց է։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ Իրանի
Ատոմային էներգիայի կազմակերպությունը ներկայումս գնահատում է պատճառված վնասը և
ստուգում հարստացված ուրանի պաշարների վիճակը։
Ավելի վաղ NBC News հեռուստաալիքը, հղում
անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկյան հարվածների հետևանքով վնասվել է
միայն մեկ իրանական միջուկային օբյեկտ։ Սակայն Սպիտակ տունը հերքել է այս
տեղեկատվությունը։ Իր հերթին CNN-ը հունիսի 24-ին փոխանցել է, որ ամերիկյան
հետախուզական համայնքի գնահատականի համաձայն՝ հարվածները չեն ոչնչացրել միջուկային
ծրագրի հիմնական բաղադրիչները։ ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության
նախնական եզրակացության համաձայն՝ գրոհը, ամենայն հավանականությամբ, միայն մի քանի
ամսով հետաձգել է Իրանի կողմից միջուկային զենքի հնարավոր ստեղծումը։ Միևնույն
ժամանակ, նշվում է, որ այս գնահատականը արվել է վստահության ցածր աստիճանով։
Հունիսի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պաշտպանության
նախարար Փիթ Հեգսեթը, հղում անելով հետախուզության թարմացված տվյալներին,
վստահություն են հայտնել, որ
Սպահանի, Նաթանզի և Ֆորդոյի օբյեկտների ուղղությամբ հարվածները փաստացի ոչնչացրել են դրանց ենթակառուցվածքները:
Սպիտակ տունը նաև պնդում է, որ Իրանը չի հասցրել միջուկային նյութերը տարհանել այդ օբյեկտներից մինչև հարվածներ հասցնելը: