Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ կան իրական հնարավորություններ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու համար։ Նա այս մասին ասել է Թբիլիսիում Վրաստանի արտաքին գործերի նախարար Բոչորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Բայրամովը նշել է, որ
հայ-ադրբեջանական կարգավորման հարցը լայնորեն քննարկվել է Բոչորիշվիլիի հետ
բանակցությունների ընթացքում։
«Մենք ներկայացրել ենք մանրամասն
տեղեկատվություն հետկոնֆլիկտային
շրջանում գործընթացների վերաբերյալ։ Խաղաղության գործընթացի հեռանկարները հուսադրող են, բայց կարևոր է այս
ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Ցավոք, Հայաստանը առայժմ չի կատարել իր ստանձնած պարտավորությունները»,- ասել է
ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը։
Ադրբեջանի ԱԳ նախարարը հիշեցրել է մի շարք գործոններ, որոնք խոչընդոտում են կայուն
խաղաղության կնքմանը, այդ թվում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները,
որոնք պահպանվում են Հայաստանի Սահմանադրության մեջ», ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի
գործունեությունը լիովին դադարեցնելու անհրաժեշտությունը:
Ջեյհուն Բայրամովը նաև ընդգծել է ադրբեջանա-վրացական հարաբերությունների
ռազմավարական բնույթը: Նա նշել է, որ 2024 թվականի խորհրդարանական
ընտրություններից հետո Վրաստանի վարչապետի առաջին արտասահմանյան այցը տեղի է
ունեցել Ադրբեջանում, ինչպես նաև Վրաստանի նախագահի առաջին պաշտոնական այցը 2025
թվականի ապրիլին:
«Սա մեր երկրների միջև գոյություն ունեցող հարաբերությունների և ամուր բարեկամական
կապերի բարձր գնահատականի հստակ ցուցիչ է»,- ընդգծել է Բայրամովը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը մնում է Վրաստանի տնտեսության մեջ խոշորագույն
ներդրողներից մեկը՝ ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 3,6 միլիարդ
դոլար։ Բայրամովը առանձնացրել է այնպիսի խոշոր նախագծեր, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան
նավթատարը, Հարավային գազային միջանցքը և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին։