Չեմ կարծում՝ խոսքը արբիտրաժային տրիբունալի կողմից ՀԷՑ-ի պետականացումն արգելելու մասին է, այլ ապահովման միջոցների կիրառման մասին է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը մերժել է ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանին ազատ արձակելու մասին հայցը։


Միևնույն ժամանակ Ինստիտուտը բավարարել է Սամվել Կարապետյանի և իր ընտանիքի՝ ՀԷՑ-ի գործով Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ 


Թեմայի վերաբերյալ զրուցել ենք իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ։


«Նախ նշեմ, թե ինչու են կողմերն իրենց վեճը լուծում Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում։ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը միջազգային հայտնի արբիտրաժային կենտրոն է, որը կարգավորում է առևտրատնտեսական վեճեր, որոնք բխում են կողմերի միջև կնքված պայմանագրերից։ Տվյալ պարագայում ՀԷՑ-ը կատարում է Հայաստանի և Կիպրոսի միջև 1995 թվականին կնքված ներդրումների պաշտպանությանը վերաբերող համաձայնագիրը, քանի որ ՀԷՑ-ի սեփականատերը, որքան ես գիտեմ, հանդիսանում է Կիպրոսի քաղաքացի, և ըստ էության ներդրումները կատարվել են տնտեսության դե յուրե Կիպրոսի ռեզիդենտի կողմից, Կիպրոսի քաղաքացու կողմից, և դրա համար էլ դա կիպրական ներդրում է համարվում, և  հիմքն այդ ներդրումների համաձայնագիրն է»,- ասաց Արտաշես Խալաթյանը։


Այնուհետև նա նշեց, որ մամուլի միջոցներով տարածվող այդ նյութն աղքատիկ է և բավականին հակասական բովանդակություն ունի, քանի որ մի կողմից՝ խոսվում է, որ իբրև թե արբիտրաժային տրիբունալի կողմից խոսվում է ՀԷՑ-ի ազգայնացումը, որպես այդպիսին, արգելելու մասին, մյուս կողմից՝ ապահովման միջոցների ձեռնարկման անհրաժեշտության մասին, իսկ ապահովման միջոցները իրավատնտեսական միջոցներ են, որոնք ձեռնարկվում են ներդրողի շահերի պաշտպանության նպատակով, մինչև ազգայնացման ավարտը, ինչը նյութում նշվում է, իսկ դրանք երկու տարբեր բաներ են։


«Սկսենք նրանից, որ ազգայնացումը պետության կողմից ձեռնարկվող իրավակառուցակարգային միջոց է՝ ստրատեգիական օբյեկտների նկատմամբ պետության վերահսկողությունը վերականգնելու համար։ Ազգայնացումն իհարկե արտակարգ միջոցառում է և պետք է խստորեն համապատասխանի միջազգային չափանիշներին, բայց, որպես այդպիսին, այն չի արգելվում և չի կարող արգելվել։ Նշեմ նաև, որ հայ-կիպրական նշածս համաձայնագրի 4-րդ հոդվածում հստակ սահմանված են այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանի ազգայնացումը, և մասնավորապես այդ չափանիշները հետևյալն են՝ Կիպրոսի ռեզիդենտ կազմակերպության կամ Կիպրոսի ռեզիդենտ ֆիզիկական անձի՝ Կիպրոսի քաղաքացու ներդրումը կարող է   բռնագանձվել, եթե այն արդարացված է հանրային պետական շահով, համապատասխանում է օրենքին, տվյալ պարագայում ՀՀ օրենսդրությանը, խտրական չէ և զուգորդվում է արագ և արդարացի համաչափ փոխհատուցմամբ։ Այս երեք պայմանների միաժամանակյա առկայությունը ազգայնացումը դարձնում է լեգիտիմ»,- նշեց իրավագետը։


Հետևապես, ըստ մեր զրուցակցի, այս պարագայում ինքը չի կարծում, որ խոսքը արբիտրաժային տրիբունալի կողմից պետականացումը, որպես այդպիսին, արգելելու մասին է, այլ խոսքը ապահովման միջոցների կիրառման մասին է, իսկ դա, օրինակ, կարող է նշանակել արդեն իսկ համապատասխան գումարի սառեցում, որը պետք է վճարվի ՀԷՑ-ի սեփականատիրոջը, նրա կողմից կատարված ներդրումների փոխհատուցման գումարը պետք է ներառված լինի այդ փոխհատուցման չափի մեջ, նրա կողմից կրած վնասները և այլն։ Նա նշեց, որ դեռ ավելի հստակ բան չի կարող ասել, քանի դեռ իր ձեռքի տակ չկա այդ որոշման սղագրությունը կամ որոշումն ամբողջությամբ։


Լիլիթ Թադևոսյան