Եվրոպան ԲԹՋ նավթամուղով Ադրբեջանից ստացել է աղտոտված նավթ

Ադրբեջանից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով ստացվել է աղտոտված նավթ, որը պարունակել է օրգանական քլորիդներ, որոնք կարող էին վնասել նավթավերամշակման գործարանի սարքավորումները։


Նավթի որոշ խմբաքանակ արդեն հասել է Եվրոպա։ Աղտոտվածության հայտնաբերումից հետո թուրքական Ջեյհանում տանկերներով վառելիքի բեռնումը դադարեցվել է։ Reuters-ի տվյալներով՝ հուլիսի 19-ից 23-ը որևէ բեռնում չի իրականացվել։


Իտալական Eni SpA ընկերությունը հայտարարել է, որ ձեռք է բերել աղտոտված նավթի մի մասը, և դրա մի մասն արդեն նավթավերամշակման գործարաններում է։


BP ընկերությունը, որը նաև Ադրբեջանի խոշորագույն նավթարտադրողն է, հայտարարել է, որ ստացել է տեղեկատվություն խողովակաշարով համաշխարհային շուկաներ մատակարարվող ադրբեջանական նավթի որակի խնդրի մասին, և որ գնահատականները դեռևս ավարտված չեն։


Աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ նավթի առնվազն 3-4 խմբաքանակ աղտոտված է եղել, ինչի հետևանքով վառելիքի գինը ընկել է չորս տարվա նվազագույնին։