Զինված բախումներ՝ Թաիլանդ-Կամբոջա սահմանին

Զինված բախումներ՝ Թաիլանդի և Կամբոջայի սահմանին. կողմերը միմյանց են մեղադրում սահմանին բախումներ սկսելու մեջ, հաղորդում է Reuters-ը: Գործակալության տվյալներով՝ բախումները սկսվել են այսօր առավոտյան՝ երկու երկրների սահմանին գտնվող վիճելի Տա Մոան Թհոմ տաճարի մոտ:


Թաիլանդի Սուրին նահանգի իշխանությունները հայտարարել են, որ Կամբոջան հրետանային կրակ է բացել բնակավայրի վրա, որի հետևանքով զոհվել են տեղի երկու բնակիչներ: Թաիլանդի բանակը հայտարարել է, որ Կամբոջայի զորքերը կրակ են բացել՝ վիրավորելով երկու թաիլանդցի զինվորի:


Կամբոջայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ թաիլանդական զորքերը իրականացրել են չհրահրված ներխուժում, և կամբոջական ուժերը պատասխանել են ինքնապաշտպանության նպատակով։


 Երկու կողմերի տեղեկություններով՝ բախումների սկսվելուց հետո թաիլանդական բանակի F-16 կործանիչը գրոհել է Կամբոջայում գտնվող թիրախները։ Թաիլանդական բանակի պնդմամբ՝ հարվածի է ենթարկվել ռազմական թիրախը։ Իր հերթին Կամբոջայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կործանիչները երկու ռումբ են նետել ճանապարհի վրա։ Կամբոջայի զինվորականները հայտարարել են, որ «խստորեն դատապարտում են Թաիլանդի Թագավորության անխոհեմ և դաժան ռազմական ագրեսիան Կամբոջայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։