Ռուսական Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի հետևանքով ցունամի է առաջացել թերակղզու ափերին, նախազգուշացումներ են տրվել մինչև երեք մետր բարձրությամբ ալիքների մասին Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասի բոլոր ափամերձ տարածքներում՝ ներառյալ մինչև Կալիֆոռնիա: Այս մասին հաղորդում է BBC-ն։
8.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի
երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի տվյալներով, տեղի է ունեցել
Պետրոպավլովսկ-Կամչատկայից մոտավորապես 150 կմ հեռավորության վրա, իսկ երկրաշարժի
էպիկենտրոնը գտնվել է 17 կմ խորության վրա։ Սեյսմոլոգների խոսքով՝ սա
տարածաշրջանում ամենաուժեղ երկրաշարժն է 1952 թվականի երկրաշարժից և ցունամիից ի
վեր, որի ժամանակ Կուրիլյան կղզիներում և Կամչատկայում զոհվել էր առնվազն 2000
մարդ։
Կամչատկայի երկրամասի առողջապահության նախարար Օլեգ Մելնիկովը հայտարարել է,
որ երկրաշարժի հետևանքով մի քանի մարդ ստացել է վնասվածք։ «Կան մարդիկ, ովքեր վնասվածք
են ստացել են դուրս վազելիս։ Կա պացիենտ, որը ցատկել է պատուհանից։ Ցավոք, վնասվածք
է ստացել մի կին, որը գտնվում էր օդանավակայանի նոր շենքում։ Բոլոր պացիենտների
վիճակը բավարար է։ Այս պահին լուրջ վնասվածքներ չեն արձանագրվել»,- հայտարարել է
Մելնիկովը։