Ինչով է պայմանավորված հեղուկ գազի գների բարձրացումը. ՄՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել հեղուկ գազի շուկայում՝ հաշվի առնելով վերջին շրջանում հեղուկ գազի գների բարձրացման հանգամանքը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում հեղուկ գազ ներմուծում է ավելի քան 170 տնտեսվարող սուբյեկտ, որոնցից ամենախոշոր ներմուծողի ծավալը չի գերազանցում 7 տոկոսը։ Ավելին, ավելի քան 170 սուբյեկտից ներմուծման ծավալներով 3 տոկոս և ավելի կշիռ ունեն ընդամենը 9 տնտեսավարող սուբյեկտ։ Այս մասին տեղեկացնում են ՄՊՀ-ից:


 

Միաժամանակ պարզվել է, որ 2025 թվականի հուլիսին հեղուկ գազի գների բարձրացումը պայմանավորված է եղել հետևյալ հանգամանքներով՝

  • հեղուկ գազի ձեռքբերման գնի բարձրացմամբ.
  • Վրաստանում արձանագրված լոգիստիկ խնդիրներով.
  • սեզոնայնությամբ պայմանավորված՝ սահմանին առաջացած խցանումների պատճառով ՀՀ քիչ բեռնատարների մուտքով.
  • սեզոնայնությամբ պայմանավորված՝ պահանջարկի մեծացմամբ, ինչը գերազանցել է առաջարկը։


Այսպիսով, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հեղուկ գազի շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, իսկ գնի բարձրացումը պայմանավորված է եղել ինչպես ծախսերի ավելացմամբ, այնպես էլ շուկայում առաջարկ-պահանջարկի գործոններով։