Վրաստանը պատրաստ է նպաստել հայ–ադրբեջանական երկխոսությանը. Կոբախիձե

Վրաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը։ Թուրքմենբաշիում «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ։


Նա նշել է, որ դա կնպաստի տարածաշրջանի կայունությանը և խաղաղությանը, ինչը չափազանց կարևոր է։


«Խաղաղության պայմանագրի քննարկման ավարտի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը կարևոր քայլ է այս ուղղությամբ», - ասել է Կոբախիձեն։


Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարբեր ուղղություններով ավելի ակտիվ համագործակցությանն առնչվող հարցեր։


Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին։