Հայաստանը ԱՄՆ-ին պիտի խնդրի որդեգրել բոլոր շահագրգիռ երկրների մասնակցության սկզբունքը. փորձագետ

Եվրոպական ինտեգրման հարցերով փորձագետ Մանե Ադամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․


Կառավարությունը պաշտոնապես հաստատեց` Վաշինգտոնում կկայանան երկկողմ Փաշինյան-Թրամփ և եռակողմ Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումները: Ըստ հայտարարության` երկկողմ ձևաչափը միտված է խորացնելու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցությունը, իսկ եռակողմ ձևաչափը` տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը:

 

Կարծում եմ հատկապես վերջինի տեսանկյունից առանցքային է նկատի ունենալ հետևյալը.

 

Աշխարհի զարգացող հատվածում, այդ թվում` մեր տարածաշրջանում, բոլոր խոշոր ռազմավարական ենթակառուցվածքները ֆինանսավորվում են միջազգային ֆինանսական ինստիտուտների, պետական երաշխիքային գործակալությունների, արտահանման վարկային գործակալությունների ու նմանատիպ ֆինանսական կառույցների միջոցով:

 

ԱՄՆ-ը շարունակում է լինել աշխարհի թիվ 1 տնտեսությունը և մեր տարածաշրջանում ակտիվորեն ներգրավված ֆինանսական ինստիտուտներում ունի ամենախոշոր բաժնեմասերը, ինչը ուղղակիորեն նշանակում է` որոշումների կայացման վրա ամենամեծ ազդեցությունը: Մասնավորապես` ներկայացնում եմ ԱՄՆ բաժնեմասերը տարբեր ֆինանսական ինստիտուտներում.


Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ (ՀԲ խումբ)` 15,84%,


Միջազգային ֆինանսական կորպորացիա (ՀԲ խումբ)` 17,6%,


Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալություն (ՀԲ խումբ)` 14,81%,


Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ` 10,08%,


Ասիական զարգացման բանկ` 15,6%:


Եթե սրան գումարենք նաև դաշնակիցների բաժնեմասերը, հստակ տեսանելի կլինի, թե մեր տարածաշրջանում բոլոր լուրջ ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումներն ովքեր են կայացնում: Գուցե զարմանաք, բայց Ճապոնիան երկրորդ խոշոր խաղացողն է:


Հայաստանը ԱՄՆ-ին պիտի խնդրի տարածաշրջանային ծրագրերի վերաբերյալ որոշումներ կայացնելիս որդեգրել հետևյալ սկզբունքը` ֆինանսավորվում են բոլոր այն ծրագրերը, որոնք ներառական են և ապահովում են ԲՈԼՈՐ շահագրգիռ երկրների մասնակցությունը` ապահովելով երկարաժամկետում տարածաշրջանային պատշաճ ինտեգրացիա:


Հայաստանը ԱՄՆ-ին պիտի խնդրի այս սկզբունքը դարձնել մեյնսթրիմ նաև դաշնակիցների շրջանում:


Սա ամբողջությամբ բխում է նախագահ Թրամփի` աշխարհում խաղաղաշինության վրա հիմնարար ազդեցություն ունենալու նպատակից, ինչպես նաև եռակողմ ձևաչափի շրջանակում սահմանված նպատակներից: