ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավիրած հանդիպումը Հայաստանի
ու Ադրբեջանի առաջնորդների հետ կավարտվի խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, որը
ներառում է ԱՄՆ-ի բացառիկ իրավունքները Հարավային Կովկասով ռազմավարական տարանցիկ միջանցքի
նկատմամբ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
ԱՄՆ պաշտոնյաները անանուն մնալու պայմանով
Reuters-ին ասել են, որ Սպիտակ տանը ակնկալվում է շրջանակային համաձայնագիր՝ «խաղաղության
կոնկրետ ուղու» հասնելու և տևական ժամանակ քննարկվող տարանցման ուղու հարցը լուծելու
համար։
«Ադրբեջանը խնդրել է տրանսպորտային միջանցք`
Հայաստանի տարածքով Նախիջևանին կապվելու համար», - ասել են ամերիկացի պաշտոնյաները։
Reuters-ը մանրամասնում է՝ առաջնորդների
կողմից ուրբաթ ստորագրվելիք փաստաթղթի՝ մանրամասն բանակցված բաժնում Հայաստանը ծրագրում
է Միացյալ Նահանգներին տալ տարանցման միջանցքի զարգացման բացառիկ իրավունքները՝ երկար
ժամանակահատվածով։ Թե կոնկրետ քանի տարով՝ չի հստակեցվում. նշվում է միայն, որ այն
կոչվելու է «Թրամփի ճանապարհ՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար»: Այն հայտնի
կլինի TRIPP հապավումով, ասել են պաշտոնյաները։
«Ճանապարհը գործարկվելու է Հայաստանի օրենսդրության
համաձայն, և Միացյալ Նահանգները հողը ենթավարձակալության կհանձնի կոնսորցիումի՝ ենթակառուցվածքների
ու կառավարման համար», - հաղորդում է Reuters-ը։ Թե ի՞նչ կոնսորցիումի մասին է խոսքը՝
չի հստակեցվում։
«Առևտրային միջոցներով իրականացվող այս քայլը
կբացի տարածաշրջանը և կկանխի հետագա ռազմական գործողությունները», - ասել է ամերիկացի
պաշտոնյաներից մեկը։
Պաշտոնյաները նշել են, որ Հայաստանի և Ադրբեջանի
ղեկավարները նաև կստորագրեն փաստաթղթեր, որոնցով կպահանջվի լուծարել Մինսկի խումբը։
Reuters-ը պնդում է, որ այս հարցի շուրջ
առաջընթացը սկսվել է մարտից, երբ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը այցելել է տարածաշրջան։
Ըստ գործակալության, հետագայում նաև Ուիթքոֆի թիմի անդամներն են մի քանի անգամ եղել
Հարավային Կովկասում՝ համաձայնագրի կնքմանը նպաստելու համար։
ԱՄՆ պաշտոնյաները հույս ունեն, որ Հայաստանի
և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ առաջընթացը կարող է խթանել բանակցություններ, որպեսզի
Ադրբեջանը միանա Աբրահամի համաձայնագրերին, որոնք Թրամփի վարչակազմը համարում է առաջնահերթություն
և գործիք՝ տնտեսական ու պաշտպանական համագործակցության խորացման համար։