Ի՞նչ շահեց Հայաստանը վաշինգտոնյան փաստաթղթի
ստորագրումով եւ ի՞նչ կորցրեց՝ եթե, իհարկե, կորցրեց։ «Հայաստանը նախ ձեռք է բերել համաձայնություն, շատ կարեւոր է՝ ԱՄՆ միջնորդությամբ համաձայնություն,
որտեղ պահպանված են մեր առաջ քաշած չորս սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն,
ինքնիշխանություն, իրավազորություն եւ առանձին պարագրաֆով՝ փոխադարձություն՝ ճանապարհների
ապաշրջափակման կոնտեքստում»,- ի պատասխան Civic.am-ի հարցադրման՝ հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
պատգամավոր, Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Արման
Եղոյանը՝ հավելելով․ «Հայաստանը ձեռք է բերել հնարավորույթյուն՝
ընդհանրապես դառնալ տնտեսական, տրանսպորտային կապուղիների խաչմերուկ, այսինքն՝ խաղաղության
խաչմերուկ։ Ավելին, սրա վերաբերյալ էլ մի առանձին փաստաթուղթ է ստորագրվել երկկողմ
ձեւաչափով, ԱՄՆ-ի հետ»։ Արման Եղոյանը տարակուսած է՝ մարդիկ այս եւ այլ՝ փաստաթղթերում ամփոփված ակնհայտ
ձեռքբերումները կամ չեն նկատում, կամ փորձում են դրանց արժեքը նսեմացնել։ «Աշխարհում
պետությունները իրար գլուխ են ջարդում ԱՄՆ-ի նման համաձայնագրեր՝ փոխըմբռնման հուշագրեր
ունենալու համար։ Բացի «Խաղաղության խաչմերուկ»-ից՝ ստորագրվել է եւս երկու հաշագիր՝
արհեստական բանականության, ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ էներգետիկայի վերաբերյալ՝
խոսքը վերաբերում է միջուկային էներգիայի զարգացմանը։ Սրանից էլ կարեւոր բա՞ն, սա արհեստական
բանականության եւ էներգիայի այլընտրանքյաին ուղիներ փնտրելու դար է, եւ այդ երկու կարեւոր
ոլորտների վերաբերյալ մենք ընդհանուր ըմբռնում ենք ձեւավորել»,-պարզաբանեց ԱԺ պատգամավորը։
Պատասխանելով հարցին՝ արդյոք Սպիտակ
տանը ստորագրված՝ մասնավորապես ապաշրջափակմանը վերաբերող դրույթները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ
կետի կատարումն են, բխում են այդ հայտարարության տեքսից՝ Եղոյանը պարզաբանեց․ «Այդ հայտարարության
մեջ էլ էր խոսվում ընդհանրապես տարածաշրջանային կոմունիկացիաների մասին, այդ թվում՝
Ադրբեջանի հիմնական մասի՝ Նախիջեւանին կապող ճանապարհի մասին։ Իսկ Ադրբեջան-Նախիջեւան
ճանապարհը մտնում էր ապաշրջափակման ընդհանուր համակարգի մեջ՝ վերահսկողության որոշակի
առանձնահատկություններով։ Ուզում եմ շեշտել՝ այն, ինչ գրված է այս՝ վաշինգտոնյան փաստաթղթում,
մենք այդ նույնը ռուսներին էլ ենք առաջարկել։ Իսկ ո՞վ է դեմ եղել։ Հիմա էլ քննարկում
են արտապատվիրակման եւ այլ թեմաներ։ Նշեմ, որ դեռ նոր-նոր պետք է կողմերը քննարկեն կոմունիկացիաների՝ «Թրամփի երթուղու» ծրագրի դետալները եւ այլն։ Այս
նույնը մենք նաեւ ՌԴ- հետ ենք քննարկել, բայց իրենք դա մի քիչ այլ կերպ էին պատկերացնում՝ նոյեմբերի
9-ի հայտարարությունն իրենք այլ կերպ էին մեկնաբանում, մենք՝ այլ, էդտեղ էր խնդիրը։
Վաշինգտոնյա՛ն մեկնաբանությամբ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետն էլ կլիներ
(կյանքի կոչել-խմբ), ինչո՞ւ ոչ»։
ԱՄՆ-ում ստորագրված փաստաթղթերի վերաբերյալ
ռադիկալ ընդդիմության արձագանքի, խաղաղության
համաձայնագրի երաշխավորի ինստիտուտի, գերիների՝ փաստաթղթի ստորագրումից հետո հնարավոր ազատ արձակման վերաբերյալ Արման Եղոյանի
հետ մեր զրույցի մանրանասնեւրը՝ տեսանյութում։
Հեղինե Մանուկյան