Կանադան ողջունում է համաձայնությունը, որ անցյալ շաբաթ ձեռք են բերել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին հայտնել է Կանադայի ԱԳՆ ղեկավար Անիտա Անանդը:
«Նախաստորագրելով խաղաղության համաձայնագիրը և
ճանաչելով Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային
ամբողջականությունը՝ այս երկրները կարևոր քայլեր ձեռնարկեցին այս տարածաշրջանի
ժողովուրդների համար արդար և տևական խաղաղության հասնելու ճանապարհին»,- ասել է նա
և հավելել, որ Կանադան բարձր է գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդությունը
և Վաշինգտոնի ձեռքբերումը այս համաձայնագրի կնքման հարցում։
«Այսպիսի համաձայնագրերը, որոնք ձեռք են բերվել դիվանագիտական բանակցությունների միջոցով, բացում են Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության հասնելու հստակ ուղի, որը կօգնի լուծել մնացած հարցերը՝ ներառյալ բոլոր հայ պահվող անձանց և ռազմագերիների ազատ արձակումը, հայ քաղաքացիական անձանց անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը և մշակութային ժառանգության պահպանումը»,- հայտնել է Կանադայի ԱԳ նախարարը։
Նրա
խոսքով՝ Կանադան
ի գիտություն է ընդունում ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշումը և շարունակում է
հանձնառու մնալ աջակցելու ցանկացած ապագա մեխանիզմների, որոնք կպահպանեն ուժի
չկիրառման, տարածքային ամբողջականության հարգման և ինքնորոշման իրավունքի
սկզբունքները. «Կանադան վերահաստատում է Հարավային Կովկասում երկարատև
խաղաղության, կայունության և բարգավաճման իր հանձնառությունը՝ ներառյալ Լեռնային
Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծման հասնելը բանակցությունների ճանապարհով»: