Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԲՏԱ նախարարությունն առաջին անգամ լիցենզիա շնորհեց մասնավոր կազմակերպությանը՝ Bazoomq հիմնադրամին՝ տիեզերական գործունեությամբ զբաղվելու համար։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց ԲՏԱ նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մովսիսյանն ու հավելեց, որ հիմնադրամը նախաձեռնել է Hayasat-1 անվանումով արբանյակի մշակման ստեղծման ծրագրավորման գործընթացը։
Bazoomq-ի համահիմնադիր, խորհրդի անդամ և տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանն էլ նշեց, որ Հայստանում ստեղծվող առաջին արբանյակի կոմպոնենտները ձեռք են բերվել արտադրողից․ «Արբանյակի աշխատանքները վաղուց էին սկսվել՝ արդեն 2 տարի է։ Մենք ձեռք ենք բերել նաև այնպիսի կոմպոնենտներ, որ ունենանք արբանյակի չթռչող տարբերակը, այսինքն՝ արբանյակը մնում է երկրի վրա։ Այս ընթացքում մինչև լիցենզիայի ստանալն աշխատանքները տարել ենք չթռչող օրինակի վրա, իսկ այս վերջին մեկ ամսում կատարել ենք թռչող օրինակի հավաքման, փորձարկման, ծրագրավորման աշխատանքները։ Արբանյակն արդեն պատրաստ է, մոտակա օրերին կարտահանվի Նիդերլանդներ, այնտեղ կանցնի վերջնական փորձարկում։ Նոյեմբեր ամսվա վերջին Երկրի ուղեծիր կարձակվի SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով»։
Հայկ Մարտիրոսյանի խոսքով՝ նախորդ արբանյակից տարբերվում է այս արբանյակը՝ ավելի պարզ է այն, իր վրա օպտիկա չունի, պարզապս տեղադրված է հայկական արտադրության չափիչ սարքավորումների համակարգ և տիեզերքում փորձարկում կանցնի։