Սասունիկի նորակառույց միջնակարգ դպրոցը գրեթե պատրաստ է շահագործման

ՀՀ Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրով Արագածոտնի Սասունիկ բնակավայրում նոր դպրոց է կառուցվել, որի գործարկումը նախատեսվում է օրեր անց՝ նոր ուսումնական տարում։ Այս մասին տեղեկացնում է Արագածոտնի մարզպետի աշխատակազմը:


 

Գիտելիքի օրվա նախաշեմին դպրոցի նոր շենքային պայմաններին և կահավորման ընթացքին ծանոթանալու նպատակով Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը այսօր շրջայց է կատարել դպրոցում։



Դպրոցի կառուցման համար Կառավարությունը հատկացրել է շուրջ 2,5 մլրդ դրամ, կահավորման համար ձեռք է բերվել լիովին նոր գույք։ 432 աշակերտի համար նախատեսված Սասունիկի նոր կրթօջախն ունի ժամանակակից ենթակառուցվածքներ՝ բացօթյա բազմաֆունկցիոնալ մարզադաշտեր, փակ մարզադահլիճ, ամֆիթատրոն, հանդիսությունների դահլիճ, հեծանվուղիներ և այլն։


 

Մարզպետը հորդորել է շինարարական վերջին աշխատանքներն ու կահավորումն իրականացնել մեծ տեմպով, որպեսզի սասունիկցի դպրոցականները կարողանան սեպտեմբերի 1-ը տոնել նոր դպրոցում։



Մարզպետի հետ զրույցում ուսուցչական կազմի ներկայացուցիչները երախտագիտական խոսքեր են հղել՝ նշելով, որ նոր դպրոցը գյուղի համար երբեմնի ամենամեծ ու կարևոր նվերն է։


 

Մարզպետը հույս է հայտնել, որ կրթական արդիական պայմաններում աշակերտներն առավել մոտիվացված կսովորեն և դպրոցը մեծ հաջողություններ կարձանագրի։