Ադրբեջանի քաղաքացիները, ըստ ադրբեջանական օրենսդրության, չեն կարող արտաքսվել երկրից՝ դա նշանակում է, որ Ադրբեջանը ԼՂ երիտասարդներին դիտարկել է որպես օտարերկրացիներ. փաստաբան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Ադրբեջանի գլխավոր դատախազության հետաքննչական վարչության ղեկավար Նեմաթ Զամանովը Ադրբեջանի դրոշն անարգելու համար մեղադրվող երեք հայ երիտասարդների ազատ արձակումն ու գործի կարճումը որակել է որպես Ադրբեջանի կողմից մարդասիրության դրսևորում։ Civic.am-ի հետ զրույցում փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանն անդրադառնալով հարցին՝ արդյոք իրավաչա՞փ էր երիտասարդներին 10 օր անազատության մեջ պահելը այդ ենթադրյալ արարքի համար, ընդգծեց, որ Ադրբեջանի իրավալիազորությունները չեն տարածվում Արցախի քաղաքացիների վրա՝ ինչպես անձանց, այնպես էլ ԱՀ տարածքում տեղի ունեցած դեպքերի վրա: «Նշված հանգամանքը հաստատվում է հենց Ադրբեջանի իշխանությունների գործողություններով»,- ասաց նա։ Փաստաբանից հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք Ադրբեջանն իրավունք ունի՞ արգելելու արցախցի երիտասարդներին շարունակելու բնակվել իրենց հայրենիքում, ի պատասխան մեր զրուցակիցն արձագանքեց. «Ադրբեջանի քաղաքացիները, ըստ ադրբեջանական օրենսդրության, չեն կարող արտաքսվել երկրից։ Ադրբեջանի քաղաքացու մուտքը իրավական որևէ ռեժիմով արգելված չէ՝ բացառությամբ աղետի և այլ պայմաններում, որոնք պետք է սահմանված լինեն օրենքով։ Դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունը ԼՂ քաղաքացիներին դիտել է որպես օտարերկրացիներ»: Ռաֆաել Մարտիրոսյանը հավելեց, որ քաղաքացին իր քաղաքացիությունը ձեռք է բերում ոչ միայն անձնագրով, այլ նաև ծննդով։ Փաստաբանի խոսքով՝ տղաներն այս պահին գտնվում են ՀՀ տարածքում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Արցախից ուսման նպատակով Հայաստան ուղևորվող երիտասարդները ձերբակալվել էին Հակարիի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անցակետում՝ ադրբեջանցի աշխատակիցների կողմից։ Երիտասարդները Արցախի Մարտունու «Ավո» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներն են։ Ըստ Ադրբեջանի դատախազության՝ նրանք 2021թ. վիրավորական գործողություններ են կատարել Ադրբեջանի դրոշի նկատմամբ։
Նարա Մարտիրոսյան