«Պուտինի սանձազերծած պատերազմը սարսափելի է, բայց...». Վուդի Ալենը՝ ի պատասխան Ուկրաինայի քննադատության

Ամերիկացի ռեժիսոր Վուդի Ալենը պատասխանել է Ուկրաինայի ԱԳՆ-ի քննադատությանը առ այն, թե Մոսկվայի միջազգային կինոյի շաբաթում իր ելույթը «ամոթալի» էր։


«Ինչ վերաբերում է Ուկրաինայում հակամարտությանը, ես խորապես համոզված եմ, որ Վլադիմիր Պուտինը լիովին սխալ է։ Պատերազմը, որը նա սանձազերծել է, սարսափելի է։ Բայց ինչ էլ որ անեն քաղաքական գործիչները, ես չեմ կարծում, որ ստեղծագործական քննարկումների դադարեցումը օգնության լավ միջոց է»,- ասել է ռեժիսորը The Guardian-ին։


Վուդի Ալենը մասնակցել է «Համաշխարհային կինեմատոգրաֆիայի լեգենդներ» նստաշրջանին, որը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին Մոսկվայի միջազգային կինոյի շաբաթվա շրջանակներում: Ռեժիսորը ելույթ է ունեցել տեսակապի միջոցով:


Ուկրաինայի ԱԳՆ-ն «վճռականորեն դատապարտել է» Ալենի մասնակցությունը ռուսական միջոցառմանը: «Դա ամոթալի է և վիրավորանք ուկրաինացի դերասանների և կինեմատոգրաֆիստների հիշատակին, որոնք սպանվել կամ վիրավորվել են ռուս զինվորականների կողմից Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի ժամանակ»,- նշել է գերատեսչությունը: