«Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը կարևոր փուլ են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում». Բայրամով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օգոստոսի 7-8-ը ԱՄՆ կատարած այցը և դրա ընթացքում ստորագրված փաստաթղթերը կարևոր փուլ են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Ալիևի՝ Վաշինգտոն կատարած այցի արդյունքներին նվիրված կառավարության հատուկ նիստում։


«Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը հասել է իր տրամաբանական գագաթնակետին։ Վճռական արտաքին քաղաքականության արդյունքում հակամարտության կարգավորումը համապատասխանում էր մեր ազգային շահերին։ Նույնիսկ ամենադժվարին ժամանակներում Ադրբեջանը թույլ չի տվել օկուպացիայի օրինականացում», - նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։


Բայրամովը շեշտել է, որ Ադրբեջանը երբեք չի ընդունել ազգային շահերին հակասող ժամանակավոր լուծումներ և միշտ պայքարել է ճշմարտության և արդարության համար։


Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը նաև հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խումը կարգավորման գործընթացից բացառելու մասին:


Բայրամովի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան առնչվող կառույցները փակելու մասին դիմումը տարածվել է ԵԱՀԿ երկրների միջև։ «Որոշումը սպասվում է սեպտեմբերի 1-ին», - հավելել է նա։