Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել Սաուդյան Արաբիայի «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին և, անդրադառնալով Հայաստանի հետ խաղաղության գործընթացին, նշել, թե ինքն է «նախաձեռնել բանակցությունների ձևաչափը և ներկայացրել խաղաղության համաձայնագրի նախագիծը»:
Նա ընդգծել է, որ Հայաստանի հետ բանակցությունները տևել են
մի քանի տարի և ավարտվել Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Թրամփի և նրա թիմի ակտիվ աջակցությամբ:
«Ես համարում եմ, որ սա իսկապես հակամարտության ավարտն է,
պատերազմի ավարտը: Պաշտոնապես խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել մեկ կոնկրետ
պատճառով. Հայաստանի Սահմանադրության մեջ դեռ պահպանվում է մի դրույթ, որը կասկածի
տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Որքանով հասկանում ենք,
նրանք փոփոխություններ կմտցնեն: Եվ երբ այս սահմանադրական փոփոխությունը կատարվի,
երբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները վերացվեն, կստորագրվի
պաշտոնական խաղաղության համաձայնագիրը»:
Ալիևը ընդգծել է, որ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Թրամփի
ներկայությամբ նախաստորագրված այդ փաստաթուղթը արդեն իսկ նշանակում է ավելի քան 30
տարի ընդհատումներով ձգված պատերազմի ավարտ. «Սա բոլորովին նոր հնարավորություններ
է բացում Հարավային Կովկասի տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արևելքի
ավելի լայն տարածաշրջանի համար»: