«Փորձում է թաքցնել իր հանցագործությունները ընդդեմ Պաղեստինի ժողովրդի». Թուրքիայի ԱԳՆ-ն՝ ի պատասխան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Նեթանյահուի հայտարարության

Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդվում է Թուրքիայի ԱԳՆ կայքում։


«Նեթանյահուի հայտարարությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնություն է, որն ուղղված է քաղաքական երանգ հաղորդելու անցյալի տխուր իրադարձություններին։ Պաղեստինի ժողովրդի դեմ ցեղասպանության մեջ իր դերի համար դատապարտված Նեթանյահուն փորձում է թաքցնել հանցագործությունները, որ կատարվում են իր և իր կառավարության կողմից։ Մենք դատապարտում և մերժում ենք այս հայտարարությունը, որը չի համապատասխանում անցյալի իրական իրադարձություններին»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։


Հիշեցնենք. Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ի պատասխան զրուցակցի հարցի, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր դա արեցի»: