«Բաքվի և Երևանի միջև համաձայնագրերը դրական պատկեր են ստեղծել տարածաշրջանի համար». Ֆիդան

Մի շարք համաձայնագրեր, որոնք ձեռք են բերվել ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև, շատ դրական պատկեր են ստեղծել տարածաշրջանի համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TGRT Haber-ին տված հարցազրույցում։


Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը խորհրդակցություններ է անցկացրել թուրքական կողմի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպումների և համաձայնագրերի վերաբերյալ։


Թուրքիայի ԱԳ նախարարը, նշելով, որ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը հիմնված է փոխադարձ վստահության վրա, ընդգծել է այս հարցում Ադրբեջանի հետ սերտ համագործակցությունը:


«Ներկայումս «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ որևէ կոնկրետ բան չկա: Կողմերը կքննարկեն, թե ինչ է լինելու և ինչպես է զարգանալու իրավիճակը: Մեր դիրքորոշումը հիմնված է վստահության վրա: Մենք վստահում ենք մեր ադրբեջանցի եղբայրներին»,- նշել է Ֆիդանը:


Նա նաև բարձր է գնահատել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը այդ հարցում։