Թեհրանում հանդիպել են Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը

Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից։


Արմեն Գրիգորյանն Ալի Լարիջանիին ներկայացրել է օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերը և նշել, որ տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը տեղի է ունենալու բացառապես երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, սահմանների անքակտելիության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում: 


Լարիջանին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված համաձայնությունները՝ կարևորելով կայունության և անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում:


Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 29-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հրավերով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան: